Գլխավոր » Politics, Զինված ուժեր, Լրահոս, Վերլուծական

Բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելը դավաճանություն է

Հոկտեմբեր 28, 2011թ. 16:17

Banak-1

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ԾՐԱԳՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ»

Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատևության: ՈՒ եթե հայ ես և ոչ խառնածին, քո մեջ կրում ես մեր հազարամյա պատմական առաքելության սրբազան խաչը, ուրեմն պարտավոր ես տեր կանգնել քո արժեքներին:

Բանակի տարբեր զորամասերում ու հակառակորդի հետ շփման գծում կատարվող ցանկացած դժբախտ դեպք մեծ ցավ է ամենքիս համար: Բայց եթե սրտացավ ես, ոչ թե պախարակիր ու հայհոյիր, այլ փորձիր ուժերիդ ներածին չափով նեցուկ լինել բանակիդ:

ՈՒրեմն, ինչպե՞ս հասկանալ այն «ժողովրդավարներին», ովքեր շունչները պահած սպասում են բանակում գրանցված հերթական անհաջողությանը, որ ձեռքները շփելով գործի անցնեն` ոտնատակ տալու ազգային արժեքները, հասարակության աչքին արժեզրկելու մեր մեծագույն ձեռքբերումը, նրանց, ովքեր հրապարակավ ճամարտակում են բանակի հանդեպ իրենց սրտացավությունից, բայց իրականում զբաղված են հայհոյախոսությամբ:

Գուցե այսպիսիներին ձեռնտո՞ւ է հայկական բանակը բացասական գույներով ներկայացնելը: Կհարցնեք` ո՞րն է նրանց շահը:

Հիշում եմ, տարիներ առաջ մեր ազգային գործիչներից մեկն անհանգստությամբ տեղեկացրեց, թե մեզանում լուրջ գործընթացներ են սկսվել, Արևմուտքը նախապատրաստում է իրավական հնարավոր հիմքերը (օրենսդիրը քննում էր բանակի մասին նոր օրենքի նախագիծ), որպեսզի վաղը մեր իշխանություններին հարկադրի՝ հրաժարվել սեփական պաշտպանությունից, այսինքն, լուծարել հայկական բանակն ու ապավինել ՆԱՏՕ-ի ուժերին: Իսկ որպեսզի այս օտարածին սցենարը չարժանանա ժողովրդի հակազդեցությանն ու հայ մարդը չըմբոստանա, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը նախ կորցնի հավատն իր իսկ ստեղծած արժեքի հանդեպ, նրա ականջին կաթեցնելով այն միտքը, թե քո ունեցածը բանակ չէ ու այն պետք է ցրել:

Դրա համար հարկ է մամուլով, հրապարակավ հանրության ուշադրությունը սևեռել բանակում կատարվող միա՛յն բացասական երևույթների վրա: Այսօր արդեն տեսանելի են այդ ուղղությամբ շարունակաբար կիրառվող արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները. պատերազմական իրավիճակում գտնվող երկրի բանակի դեմ ծավալվող այս հիստերիկ արշավը դրսի պատվերն է, որ ներսի թափթփուկի ձեռքով ուղղվում է ընդդեմ երկրի:

Արևմուտքի դրամաշնորհներով սնուցվողների մի խումբ զբաղված է քայքայիչ, պառակտողական աշխատանքով: Այս ցեցն անվերջ հարվածում է մեզ բոլոր ուղղություններով` մեկ ազգային եկեղեցու դեմ են սուր ճոճում, մեկ էլ կեղծ արդարադատի սլաքն ուղղում բանակին: Պատվերը տրված է, փողն էլ խոստացված, ուրեմն հիստերիան ինչքան շատ` էնքան թղթապանակը «յուղալի»:

«Գործ ունենք պետությունը կազմաքանդելու ծրագրված գործընթացի հետ»,- համոզված է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Իր ուսումնասիրությունների արդյունքում փորձագետը պարզել է, որ հայոց բանակը վարկաբեկելու նպատակ էր հետապնդում նաև «բռնաբարությունների չեղած դեպքեր սարքելը»: «Դա հայի տեսակին հարիր չէ, դա ադրբեջանցուն է բնորոշ, ուրեմն ինչո՞ւ փորձեցին մեր վզին փաթաթել այդ անբարոյականությունը: Վստահ եմ` միտումնավոր սարքեցին, որպեսզի հավասարության նշան դրվեր հայկական մարտական բանակի ու ադրբեջանական բարոյազրկված զինուժի միջև: Այս խաղը ձեռնտու է Արևմուտքին, ինչը մենք լավ ենք հասկանում»:

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻ ՎԻՇՏԸ ՇԱՀԱՐԿԵԼԸ

Նկատե՞լ եք, որ բանակը քննադատելն իրենց առօրյա զբաղմունքը դարձրած թունդ «ժողովրդավարների» հոդվածներն սկսվում ու ավարտվում են իշխանափոխության պահանջով: Եվ դա բոլորովին էլ պատահական չէ ու նույն տեխնոլոգիաների շարքին է դասվում: «Ցավալի փաստ է, զոհված զինվորի ծնողի դժգոհությունը միտումնավոր ուղղորդվում է քաղաքական հարթություն, փորձում շահարկել նրա վիշտը: Անբարոյականություն է սա, մենք սրա դեմ պետք է պայքարենք` մեր բանակը հեռու պահելով քաղաքական շահարկումներից»,- նկատում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Եվս հարյուր հոգու միտինգի բերելու համար պատրաստ են ամբողջ բանակն ապականված ու կոռումպացված հայտարարելու, ողբերգական դեպքերը շահարկելու ուզածի չափ:

Սրանց համար էլ ի՞նչ սրբություն: Բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահելը դրսից ուղղորդվողների գործելաոճն է։ Այդ խամաճիկները հիմա էլ հրապարակ են նետել պաշտպանության նախարարի հրաժարականը: Եթե ազնիվ եք, ուրեմն մի կողմ դրեք ձեր քաղաքական հաշվարկները, կանգնեք որդեկորույս ծնողի կողքին, պաշտպանեք նրա պահանջներն ու անկեղծորեն պայքարեք բանակում կատարված ցանկացած ողբերգական դեպքի արդար բացահայտման օգտին` վաղն ավելի լավ բանակ ունենալու սրտացավությամբ: Հակառակ դեպքում ցանկացած շահարկում համազոր է դավաճանության:

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Թեև որոշ դժվարություններ կան մոտ տասը տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»:

Կարևորելով փոխնախարարի հուսադրող խոսքը` ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը համոզված է, որ միայն նման քայլերը` շուտ ու արդար բացահայտումները, հնարավորություն կտան, որ որդեկորույս ծնողը չդառնա այս կամ այն քաղաքական ուժի կամ դրամաշնորհային կազմակերպության շահարկումների թիրախ:

ԱԽՈՐԺԱԿՆԵՐԻԴ` ՔԱՑԱԽ

ՈՒզում եմ հարց ուղղել ռազմական կառույցի թափանցիկության մասին հաճախ ճամարտակող «իրավապաշտպաններին». ի՞նչ եք հասկանում ռազմական կառույցի թափանցիկություն ասելով, և ո՞րն է ձեր կողմից ակնկալվող հանրային իրազեկման սահմանը: Գուցե այն, որ ձեր սերտած «արևմտյան չափանիշների» դրոշի տակ թևքներդ քշտած պահանջեք ու ստանաք ազգային անվտանգությանն առնչվող ցանկացած տեղեկությո՞ւն: «Սիրելինե՜րս, իսկ ձեր պատվիրատուները է՞լ ինչ հանձնարարություն են ձեզ տվել իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հե՞րթ կանգնեք»:

Տեղին ու դիպուկ էր ՊՆ փոխնախարարի խոսքը` ուղղված բոլոր ծախու վարձկաններին: Բայց արի ու տես, որ «արդարության պաշտպանները» խիստ վրդովվել էին իրենց հասցեին հնչած ճշմարտությունից ու նամակ հղել Արևմուտքի պապաներին, թե` եկե՜ք փրկե՜ք, Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների և հասարակական գործիչների դեմ սանձազերծված գրոհ է սկսվել:

Ճշմարտության դեղահաբը խիստ դառնահամ եղավ ծախու խամաճիկների քիմքին: Հապա մի փորձիր հանրային վերահսկիչի դեր ստանձնած որևէ ՀԿ-ի հարցնել` որտեղի՞ց, ե՞րբ և ումի՞ց եք ֆինանսավորվում, կտեսնես թե ի՜նչ վայնասուն կբարձրանա: «Բայց, եղբայր, եթե դու բանակից պահանջում ես թափանցիկություն, ինչո՞ւ ես իրար խառնվում, երբ քեզնից են պահանջում լինել թափանցիկ»,- հարցնում է Դավիթ Ջամալյանը:

Արդյոք քաղաքացիական ինստիտուտների անվան տակ մեզանում չի՞ իրականացվում քողարկված ֆինանսավորում, արդյոք այդ մարդիկ կապված չե՞ն ինչոր իքս երկրի անվտանգության ծառայությունների հետ։ Հարցերը շատ են, բայց անպատասխան…

«Եթե 70 տարի առաջ` պատերազմի տարիներին, գային ու ասեին` բանակը պիտի լինի թափանցիկ, գիտե՞ք, թե նրանց ինչ կանեին. որպես պետական դավաճանների կգնդակահարեին: Իսկ մենք այսօր պատերազմի մեջ ենք»,- ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ անցած տարի մի քանի ՀԿ-ներ պահանջում էին տրամադրել բանակին սնունդ մատակարարող կազմակերպությունների անունները, մատակարարվող սննդի ծավալները, տրամադրվող գումարի չափը:

Փորձագետը համոզված է, որ նման տեղեկատվությունն ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր է, քանզի հակառակորդի համար կարևոր տեղեկություն է պարունակում. «Հակառակորդը կարող է այդ փաստերի հիման վրա ստրատեգիական լուրջ հաշվարկ կատարել, օրինակ, իմանալով, թե քանի կգ սնունդ է մատակարարվում բանակ, կպարզի` որքա՞ն զինծառայող կա այդ բանակում»: Իսկ մեր պետական ու հասարակական շահը թո՞ւյլ է տալիս նման տեղեկությունը հասու դարձնել հակառակորդին: Ո՞րն է զինուժի թափանցիկության ու բանակի մասին տրամադրվող տեղեկատվությունների սահմանը: Ո՛չ պահանջողը գիտի, ո՛չ տրամադրողը: Ասել է` խնդիրն օրենսդրորեն կարգավորելու հրատապություն ունի: Օտար սպասարկուների հետաքրքրություններին վերջ տալ է պետք:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեցինք, թե նույն արևմտյան բանակներո՞ւմ ինչպես է ընկալվում թափանցիկություն ասվածը: Պարզվում է, ՆԱՏՕ-ի զինուժում կան տեղեկատվական ազատությունների սահմանափակման հստակ չափանիշներ, օրենսդրորեն հստակեցված է նաև ինֆորմացիայի տրամադրման սահմանը:

Այսինքն, այն ինչ Արևմուտքի կողմից պարտադրվում է մեզ` բանակի ազատականացում, թափանցիկություն, մերժելի է հենց իրենց կողմից: «Իսրայելում նույնիսկ գրաքննություն է գործում, կա պետական հանձնաժողովլրատվամիջոցներ համագործակցություն, միասին են որոշում` ինչը լուսաբանել, ինչը` ոչ: Այս իմաստով մենք դեռ օրենսդրական փնտրտուքների մեջ ենք: Մինչդեռ ավելորդ ազատականացման տարրերը, մանավանդ հրադադարի պայմաններում գտնվող մեր երկրի համար, կարող են շատ վտանգավոր լինել»,– զգուշացնում է ռազմական հոգեբանը:

Բանակի ազատականացմամբ տարված Արևմուտքն այսօր ինքն է կանգնած կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնելու պահանջի առաջ։ Վտանգն սկսել են գիտակցել ու իրենց իսկ սահմանած չափանիշներից հրաժարվել: Մինչդեռ չեն հրաժարվում սեփական աղբը այլ երկրներին պարտադրելուց: Իսկ մենք, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, սա գիտակցո՞ւմ ենք:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am

idefacto.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Politics, Զինված ուժեր, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն