Գլխավոր » Interview, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արևելյան գործընկերության ապագան մշուշոտ է. Պավել Բաև

Հունիս 4, 2015թ. 23:39
Պավել Բաև

Մեր հարցերին ի պատասխան՝ ԵՄ Արեւելյան գործընկերության հեռանկարների շուրջ իր նկատառումները եւ կանխատեսումները ներկայացնում է Օսլոյի Խաղաղության ինստիտուտի հետազոտական տնօրեն ՊԱՎԵԼ ԲԱԵՎԸ

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության ղեկավարների Ռիգայի գագաթաժողովում. Լատվիայի մայրաքաղաքում ընդունված հռչակագիրը ամրագրեց Արեւելյան գործընկերության ծրագրի ձախողման փա՞ստը, ինչպես պնդում են հոռետեսները, թե՞ «ներկայացումը շարունակվում է», ինչպես կարծում են լավատեսները։

-Թերեւս՝ երկրորդը։ Ներկայացումը շարունակվում է, ուրիշ բան՝ բովանդակային առումով այն այլեւս իրեն սպառե՞լ է, թե՞ ոչ։ Փորձագիտական հանրության շրջանում գերակայող կարծիքն այն է, որ «ներկայացումն» ամբողջությամբ իմաստազրկվում է, դառնում ինքնանպատակ, եւ դա, ցավոք, արեւելյան գործընկերների նկատմամբ Եվրամիության իրականացրած քաղաքականության առանձնահատկություններից է։
Ներկա իրավիճակում դա անթույլատրելի շքեղություն է՝ նման բան ուղղակի չի կարելի թույլ տալ։ Այդ ներկայացումը նոր բովանդակությամբ լցնելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ, նոր մոտեցումներ, իմաստավորված քաղաքական նախաձեռնություններ՝ ուղղված ԱլԳ համագործակցության «վերաֆորմատավորմանը»։
Հետահայաց նայելով Արեւելյան գործընկերության անցած ճանապարհին՝ շատերն են խոստովանում՝ այդ ծրագիրն ի սկզբանե խիստ ձեւախեղված էր, այն առումով, որ դրա «տակ» դրված քաղաքական հավակնություններն ակնհայտորեն «թերֆինանսավորվում էին»՝ այդ հավակնություններն ամրապնդված չէին անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով։
Անգամ այդ պարագայում հնարավոր էր առաջ տանել գործընթացը՝ թեկուզ փոքր քայլերով առաջ շարժվել, բայց 2014թ. տեղի ունեցած իրադարձությունները պահանջում էին բոլորովին այլ լուծումներ։

-Նկատի ունեք ուկրաինական ճգնաժա՞մը։

-Առաջին հերթին՝ այո, նկատի ունեմ Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Այստեղ անհրաժեշտ են բացարձակապես այլ մոտեցումներ, աջակցության այլ ծրագրեր. ի վերջո, երկիրը բառիս բուն իմաստով պատերազմական վիճակում է, իսկ պատերազմը որեւէ կերպ չի տեղավորվում Արեւելյան գործընկերության գաղափարախոսության մեջ։
Բայց խնդիրը միայն ուկրաինական ճգնաժամը չէ՝ մյուս երկրների դեպքում էլ ամեն ինչ հարթ չէ. ԱլԳ միասնական տարածքի ձեւավորման գաղափարն անցած 6-7 տարիներին փլվեց, տրոհվեց առանձին բաղադրիչների։ Գուցե Բրյուսելից ամեն ինչ այլ կերպ էր երեւում, գուցե ինչ-որ մեկին դուր էր գալիս մտածել, որ բոլոր երկրները, տարբեր արագությամբ, բայց գնում են նույն նպատակակետին։ Արդեն բոլորի համար պարզ է՝ գնում են տարբեր ուղղություններով եւ տարբեր արագությամբ։
Ուրեմն յուրաքանչյուր երկրի նկատմամբ անհատական մոտեցում է պետք դրսեւորել. փորձել բոլորին հավաքել նույն տանիքի տակ, ստեղծել հովանոց, որը կծածկի բոլորին՝ անարդյունավետ, չաշխատող քաղաքականություն է, որը ապացուցեց իր սնանկությունը։

-Համամի՞տ եք այն տեսակետին, որ Ռիգան ոչ միայն չարդարացրեց, այլեւ վերջնականապես տապալեց ԱլԳ «գերազանցիկների»՝ Վրաստանի, Մոլդովայի եւ հատկապես Ուկրաինայի՝ օր առաջ Եվրամիության «իսկական անդամ» դառնալու հույսերը. նրանց նույնիսկ շքամուտքից ներս չթողեցին, ուր մնաց՝ ընդունեն «ընտրյալների ակումբ»։

-Ուկրաինայի ակնկալիքները, կարծում եմ, դուրս են ԱլԳ շրջանակներից։ Նորից եմ ասում՝ երկիրը պատերազմական վիճակում է, եւ բոլորովին այլ աջակցության կարիք ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիրը լուծելու համար։ Իսկ դա ենթադրում է այլ հովանավորներ, այլ մասշտաբներ, ֆինանսական այլ ռեսուրսներ, որովհետեւ աղետի ծավալներն են այլ։
Ինչ վերաբերում է մյուս երկու երազողներին՝ Վրաստանին ու Մոլդովային, երազելը, իհարկե, վնասակար չէ։ Այնպես չէ, թե նրանց երազանքները բացարձակապես անհիմն՝ սին պատրանքներ են. իրականում դրանք որոշակի մոտիվացիա ունեն։
Եթե կա բնակչության մեծամասնությանը միավորող գաղափար, միասնական նպատակ, անգամ եթե դա ըմբռնումով չի ընդունվում եվրոպական ընկերակցության կողմից, որը ինքը բազում խնդիրներ ունի եւ չի կարող երաշխիքներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այդ երկրների առջեւ, դա դեռեւս պատճառ չէ՝ ձեռքը թափ տալու եւ հրաժարվելու այդ երազանքից։

-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ լինելով ԵԱՏՄ անդամ, շարունակել եւ խորացնել համագործակցությունը ԱլԳ շրջանակներում, ընդհուպ՝ նոր բանակցություններ սկսել ասոցացման համաձայնագրի շուրջ, հասկանալի՞ է Ռուսաստանին, թե՞ ռուսները, այնուամենայնիվ, խանդով են վերաբերվում մեր «եվրոպական խաղերին»։

-ԵԱՏՄ-ն ինքնին լուրջ գլխացավանք է նույն Ռուսաստանի համար. ռուսներն իրենք էլ չգիտեն՝ ինչպես գլուխ հանել այդ ընդգրկուն նախագծից, որ ոչ մի ընդհանուր եզր չունի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Ուկրաինայի անդամակցությունը շատ կարեւոր նախապայման էր այդ նախագծի իրականացման համար, եւ հիմա, երբ ակնհայտ է, որ դա լինելու բան չէ, Ռուսաստանը հակված չէ կտրուկ արձագանքելու Հայաստանի վարքագծին։ Կան ընդգծված «գրգռիչներ», ի դեմս ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերի։ Երբ այդ «գրգռիչները» բացակայում են, մանեւրի լայն դաշտ է ստեղծվում, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարությունը կաշկանդված է իր գործողություններում՝ ուկրաինական հակամարտությունը չափազանց մեծ ուշադրություն եւ ջանքեր է պահանջում։
Դա հարցերի հարցն է Ռուսաստանի համար. մնացածը մղվում է նույնիսկ ոչ թե երկրորդական, այլ չորրորդական, հինգերորդական պլան, եւ երկիրը, այս դեպքում՝ Հայաստանը, ավելի մեծ հնարավորություն է ստանում՝ ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու։

-Ասել է թե՝ ԵԱՏՄ հեռանկարը մշուշոտ եք համարում։

-Ես կասեի՝ շա՛տ մշուշոտ։ Միանգամայն պարզ է, որ Ղազախստանը եւ Բելառուսը հակված չեն սպասարկելու Ռուսաստանի շահերը, փոխարենը դեմ չեն օգտագործելու այդ նախագծի գաղափարական բաղադրիչները՝ դրանից շատ կոնկրետ նյութական դիվիդենտներ քաղելու ակնկալիքով։

Այսօր, երբ Ռուսաստանի տնտեսությունն ընկղմվում է ճգնաժամի մեջ, դա լուրջ լարվածություն է առաջացնում մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ղազախստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այդ առումով դժվար է ասել՝ ինչպես կզարգանա եվրասիական ինտեգրացման գործընթացը, ճիշտ այնպես, ինչպես դժվար է կանխատեսել, թե ահագնացող տնտեսական ճգնաժամն ինչպես կազդի Ռուսաստանի ներքին իրավիճակի, քաղաքական ղեկավարության դիրքերի կայունության վրա։

-Կանխատեսումներ ունե՞ք՝ ինչքա՞ն երկար կարող է շարունակվել Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը. ուկրաինական ճգնաժամի հողի վրա Ռուսաստանի հանդեպ իրականացվող պատժամիջոցների վերջը չի՞ երեւում։

-Նախագահ Պուտինի եւ նրա մերձավոր շրջապատի համար շատ կարեւոր էր հնարավորինս աղմկալի եւ տպավորիչ անցկացնել հաղթանակի տոնակատարությունը։ Հիմա դա այլեւս անցյալում է, Ուկրաինայում փակուղային իրավիճակ է, Ռուսաստանում՝ տնտեսական ճգնաժամ։ Ի՞նչ անել այդ իրավիճակում. «պաուզան» ձգել՝ նշանակում է կորցնել ոտքի տակի հողը. ներքաղաքական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է վերցնել նախաձեռնությունը, կոնսոլիդացնել հասարակությունը, տպավորիչ մի նոր հաղթանակ արձանագրել…

Այդ տեսակետից, կարծում եմ, «պաուզան» երկար չի շարունակվի, եւ ամռանը ականատես կլինենք լարվածության աճի նոր դրսեւորումների։ Ի վերջո, Ռուսաստանը խրվել է մի հակամարտության մեջ, որտեղ ոչ միայն հաղթելու, այլեւ ոչ-ոքի «խաղալու» որեւէ շանս չունի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն