Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարում է

Հունվար 21, 2011թ. 13:04

ArzaxՎերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Արցախի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Արցախի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում:

Երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին:

Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:

Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Արցախի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ և ԼՂՀ միջև փոխվստահության ձևավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար:

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները:

ք. Ստեփանակերտ, 21 հունվարի 2011թ.

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն