Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

ԱՐՄԵՆՈՖՈԲԻԱՅԻ ԱԿՆՀԱՅՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Հոկտեմբեր 14, 2014թ. 21:28

Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար:

Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը մահացավ ադրբեջանական բանտում՝ ենթարկվելով դաժան խոշտանգումների:
Մյուսը՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Բադալյանի գործն է: Արթուրը անտառում մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ. 18 ամիսների ընթացքում ենթարկվելով դաժան խոշտանգումների, ծեծի, էլեկտրաշոկի:
Հետագայում Արթուրը փոխանակվեց ադրբեջանցի մի ռազմագերու հետ:

Արթուր Բադալյանի գործը Եվրոպական դատարան ներկայացրած իրավապաշտպան, ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ տեղեկացրեց, թե գործը Եվրադատարան ներկայացնելուց անցել է 2 տարի, եւ մոտենում է սպասված ժամկետը: Իսկ դժվարությունն այն է, որ «մենք չենք կարողանում սպառել Ադրբեջանի ներպետական դատական ատյանները, այսինքն՝ Արթուր Բադալյանը 18 ամիս Ադրբեջանում պահվել է անազատության մեջ, դրանով ոտնահարվել է նրա անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը, բայց գործը չի քննվել ադրբեջանական որեւէ դատական ատյանում»:

Արթուր Բադալյանի գործով զբաղվելու համար պատգամավոր Մարուքյանն անձամբ դիմել է ադրբեջանցի իրավապաշտպաններին, սակայն համոզվել, որ նրանք խուսափում են հայ ռազմագերիներին կամ գերեվարված հայ քաղաքացիներին վերաբերող որեւէ հարց բարձրացնել իրենց դատարաններում, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից բնութագրվում են որպես պետական դավաճաններ:

Հետեւաբար. «Մենք Եվրադատարանում փաստարկեցինք, որ Բադալյանը հնարավորություն չունի Ադրբեջանի դատարաններում հարցը բարձրացնել, եւ դրա համար գործն ուղղակիորեն ներկայացնում ենք ԵԴ-ին»:
Սակայն այս գործերը Եվրադատարանում դեռեւս չքննված, վրա հասավ մյուս սարսափելի դեպքը՝ Կարեն Պետրոսյանի սպանությունը: Ադրբեջանական կողմը պատահաբար սահմանն անցած հայ գյուղացի երիտասարդի նկատմամբ կիրառեց անմարդկային վերաբերմունք, նրան ենթարկեց խոշտանգումների` հասցնելով մահվան:
Ադրբեջանն ապացուցեց, որ իր համար ոչ մի արժեք չունեն անգամ հումանիտար իրավունքի նորմերը, ուրեմն եւ ամենեւին պարտավորեցնող չեն միջազգային հումանիտար կոնվենցիաների տակ դրված սեփական ստորագրությունները: Բաքուն հերթական անգամ ի ցույց դրեց իր գազանային էությունը՝ ապացուցելով, որ մարդասպան սաֆարովներին հերոսացնող երկրում ռասիզմն ու ֆաշիզմը պետական քաղաքականություն են ու գաղափարախոսություն: Ասվածն ուղղակիորեն ապացուցում են Կարենին դաժանորեն տանջող այն տեսանյութերն ու լուսանկարները, որ շրջանառվեցին հենց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից:

Խնդիրն այլեւս դուրս է եկել մեկ այլ հարթություն, ու ժամանակն է, որ ոչ միայն անհատական գանգատների հիման վրա դիմումներ ներկայացվեն միջազգային դատարանին, այլեւ գործընթացներին տրվի մեկ այլ ուղղվածություն: Այսինքն՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ օրինախախտումներ են, ուրեմն ընդդեմ Ադրբեջանի պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը:

Միջազգային իրավունքի մասնագետներն ընդգծում են՝ որպեսզի պետությունը պետության դեմ դիմի դատարան, անհրաժեշտ են առատ փաստեր: Իսկ հարեւան երկրի կողմից Հայաստանի դեմ իրականացված դիվերսիոն գործողությունների աննախադեպ առատությունը մեր երկրին տալիս է կոնկրետ քայլերի հնարավորություն:
Մեր տեղեկություններով, Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր դիվերսիոն գործողությունները հստակ գրանցվում են, հարուցվում են քրեական գործեր, այսինքն՝ հավաքվում են փաստեր, եւ ստեղծվում է այն իրավական փաթեթը, որը կարեւոր հիմք կհանդիսանա Ադրբեջան պետությանը պատասխանատվության ենթարկելու գործում:
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ չնայած պետությունը պետության դեմ դատարան դիմելու հարցը բավական բարդ է, սակայն այն հնարավոր է իրականացնել, երբ Եվրադատարանում վարույթ ընդունվի վերոնշյալ անհատական երկու գործերից որեւէ մեկը: Սակայն մինչ այդ Հայաստանի որոշ գերատեսչություններ չպետք է ձեռքները ծալած նստեն, այլ ճիշտ օգտագործեն ժամանակը՝ խնդիրը տարբեր ատյաններում բարձրաձայնելու համար:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴԱՆՆ այս հարցում ունի մեծ ակնկալիքներ մեր պետությունից. Հայաստանը բոլոր մեխանիզմները պետք է գործի դնի, օգտագործի բոլոր հարթակները ու համապարփակ փաթեթ ներկայացնի բոլոր միջազգային կառույցներին՝ Եվրոպայի խորհրդից մինչեւ ԵԱՀԿ ու Եվրամիություն, ապա հարցը հասցնի ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

«Հսկայական գործ ունի անելու Ազգային ժողովը, այնինչ թերանում ենք, այս առումով դրական չեմ գնահատում նաեւ համապատասխան գերատեսչությունների աշխատանքը»:
Իսկ ի՞նչ շեշտադրմամբ պետք է տարբեր ատյաններում հանդես գա մեր երկիրը:
Այս առումով պատգամավոր Մարուքյանը նկատում է՝ այն, ինչ կատարվում է Ադրբեջանի կողմից, ամենեւին անհատական բնույթ չունի, մեկ, երկու դեպք չի, այլ դեպքերի մի շարք. «Անընդհատ գերեվարում են հայ քաղաքացիական անձանց, եթե մեկի բախտը բերում է՝ փոխանակվում է, եթե ոչ՝ դաժանորեն սպանվում, անգամ դիակը չենք ստանում»: Ասել է թե՝ գործ ունենք «պրակտիկա դարձած գործելաոճի հետ», ուրեմն հայ քաղաքացիներին գերեվարելը, խոշտանգելը, հետո դաժանաբար սպանելը Ադրբեջանի կողմից հետեւողականորեն իրականացվող քաղաքականություն է, ինչի շարունակումը կարող է հարյուրավոր մարդկային կյանքեր արժենալ:
Բացի այս, Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած ռասիստական հաշվեհարդարի փաստերը միջազգային իրավունքի մասնագետներին լիովին իրավունք են տալիս ասելու, որ այդ ամենը հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի ակնհատ դրսեւորումներ են, ինչի մասին եւս առանձնահատուկ ձեւով պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում:

«Այս դաշտում Ադրբեջանը մեզ հսկայական նյութ է տվել։ Այդ մասին ոչ թե մեկ անգամ պետք է խոսել ու վերջ, այլ այն դարձնել քննարկման առարկա բոլոր միջազգային կառույցներում», -նկատեց Լարիսա Ալավերդյանը: Իր հերթին պատգամավոր Մարուքյանը հավելեց. «Կարեն Պետրոսյանը գերեվարվեց, խոշտանգվեց ու սպանվեց որպես հայ: Այս հանգամանքը պետք է ներկայացնել հենց արմենոֆոբիայի լույսի ներքո»:
Հետաքրքիրն այն է, որ պատգամավոր Մարությանը, այս ամենով հանդերձ, միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին բարձրաձայնելը «դիվանագիտական փափուկ միջոց է» համարում, ու բնականաբար հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչ անել։ «Պետք է զգույշ լինենք, հատկապես սահմանամերձ գյուղերի մեր բնակիչները պետք է զգուշանան ու չհայտնվեն այնպիսի տարածքներում, որտեղից թշնամին հնարավորություն կունենա առեւանգելու իրենց»,- գտնում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, գոնե այսօր թշնամու դեմ իրականացվող միակ մեթոդը կա ու մնում է ինքնապաշտպանության այս շատ պարզ մեխանիզմի կիրառումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն