Գլխավոր » Analitika, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Արձանագրությունները մեր հակառակորդները վերածում էին զենքի

Փետրվար 17, 2015թ. 01:02
հայ թուրքական արձանագրություներ

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կայացրած որոշումը խիստ անհրաժեշտ քայլ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին թուրքական ժխտողականության եւ քաղաքական աճպարարությունների ճանապարհը փակելու համար։

Անշուշտ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված զույգ փաստաթղթերը «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները սրանով դուրս չեն գալիս մեր երկրի դիվանագիտական օրակարգից, քանի որ դրանք ստորագրել է արտգործնախարար Էդ. Նալբանդյանը։

Սակայն նման մակարդակի ու կարեւորության փաստաթղթերից վերջնականապես հրաժարվելու համար գոյություն ունեն նաեւ համապատասխան միջազգային-իրավական ընթացակարգեր։
Կարծում ենք, կարեւորն այս առումով սկիզբն է, որովհետեւ առաջիկա երկու ամիսների ընթացքում այնքան ստորերկրյա «ջրեր են հոսելու» հայ-թուրքական հարաբերությունների խորքում, որ այդ փաստաթղթերից վերջնականապես հրաժարվելու համար դեռեւս կգտնվեն ոչ միայն համապատասխան առիթներ, այլեւ նոր պատճառներ։

Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի վեհաժողովի ամբիոնից Հայաստանը պաշտոնապես զգուշացրել է թուրքական կողմին, որ իր համբերությունը սահման ունի, ու չի կարելի Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերն օգտագործել իր հետ նախապայմանների լեզվով խոսելու եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը առաջ տանելու համար։ Սակայն Թուրքիան շարունակել է իր Ղարաբաղյան նախապայմանն առաջադրելու քաղաքականությունը, փորձել է ու այսօր էլ փորձում է երրորդ երկրներին շահագրգռել Հայաստանին մղելու անընդունելի զիջումների։
Վերջին ապացույցը Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի Անկարա կատարած «խորհրդավոր այցին» հաջորդած իրադարձությունների երկար շղթան է։

Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանների վրա դիվերսիոն հարձակումների ակտիվացմանը զուգահեռ՝ Ի.Ալիեւը Մյունխենից, իսկ Ա.Դավութօղլուն՝ Անկարայից, արեցին նույն «գրավիչ» առաջարկությունը. բացել Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցությունն ու հայ-թուրքական սահմանադուռը՝ «ընդամենը» մեկ ազատագրված շրջանի վերադարձի դիմաց։ Այսինքն՝ արձանագրությունների գոյությունը վերստին օգտագործվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը տեղափոխելու ստվերային գործարքների դաշտ՝ զուգահեռաբար փորձելով դրանում շահագրգռել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

Փաստորեն արձանագրությունները մեր հակառակորդների համար սկսել են վերածվել վտանգավոր զենքի։ Դրանք քաղաքական շահարկումների, սադրիչ ու ապակողմնորոշող զորաշարժերի միջոցներ են դառնալու մանավանդ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին։

Այս առումով պատահականություն չպետք է համարել նաեւ վերջին օրերին ադրբեջանական մի շարք կայքերի միջոցով (Haqqin.az եւ այլն) շրջանառվող այն անթաքույց դժգոհությունը, թե իբր ապրիլի 24-ից առաջ Անկարան պատրաստվում է զիջումներ անել հայկական կողմին՝ ցեղասպանության ճանաչումից խուսափելու համար։ Անշուշտ խոսքը ոչ թե իրական զիջումների, այլ ապակողմնորոշող քայլերի հավանականության մասին է, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն արձանագրությունները դրանց իրականացման համար ստեղծում են անհրաժեշտ իրավական-պայմանագրային առիթներ։

Ստորագրված, բայց չվավերացված ու չիրականացված փաստաթղթերը վաղ թե ուշ վերածվում են «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» բանաձեւի կիրարկման հարմարագույն միջոցի։ Ուրեմն եթե դրանք մինչ օրս չեն կիրարկվել որպես մեկ ամբողջություն, ապա պետք է հնարավորինս շուտ վնասազերծվեն որպես մեկ ամբողջություն։
Իսկ դրա համար անհրաժեշտ է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ն օգտագործել մեզ սպասող բազում առիթներից ամենահարմարը՝ այդ փաստաթղթերն «ի վերին Երուսաղեմ» ուղարկելու համար։

Այսպիսով նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի որոշմամբ սկիզբ առած՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու գործընթացը առաջիկայում պետք է հասցվի տրամաբանական ավարտին։
Դա միանգամայն անհրաժեշտ ու հասունացած քայլ է, որը թույլ կտա որոշակի սահման եւ պատնեշ դնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղյան բանակցային գործընթացը միմյանց շաղկապելու վտանգավոր փորձերի առջեւ։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն