Գլխավոր » Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Արժեքները տվյալ ժողովրդի կյանքում բյուրեղացած, ամրագրված և սրբադասված ճշմարտություններն են. Մեսրոպ քահանա Արամյան

Մարտ 16, 2015թ. 23:51
Մեսրոպ քահանա Արամյան

Ազգային արժեքների մասին խոսելը դարձել է նորաձև: Սովորաբար այդ խոսակցություններն արդյունք չեն հետևողական փնտրումների և սեղանային մտքի մակերեսային առկայծումներից անդին չեն անցնում: Այսուհանդերձ, մարդիկ ինչ-որ չափով, իրենց գիտակցության մի անկյունում, կարևորում են դրանց գոյությունը` համառորեն հավատալով, որ այդ արժեքները կան, դրանք հատուկ մերն են, հաճախ` «մենք ուրիշ ենք» նշանաբանով: Խնդիրը հստակեցման կարիք ունի, եթե չասեմ` գոյաբանական իմաստավորման:

Սկսենք սահմանումից: Արժեքները տվյալ ժողովրդի կյանքում բյուրեղացած, ամրագրված և սրբադասված ճշմարտություններն են: Համարվում է, որ ազգային ինքնությունը խարսխված է այդ արժեք-սրբությունների վրա, և բնականաբար յուրաքանչյուր անհատ` որպես հասարակության մասնիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար գտնվում է դրանց փոխազդեցության դաշտում: Ավելին, սեփական արժեքների շուրջ համախմբվածությունը հայտարարն է տվյալ ազգի հոգու զորության և ներքին ամրության:

Ամեն ինչ ունի իր գինը, հատկապես` արժեքները: Որպես կանոն` դրանք ունեն ձևավորման և բյուրեղացման պատմական հետագիծ. դրանց համար սերունդները պայքարել են, մաքառել, զոհաբերել են: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք բարոյական պատասխանատվություն է կրում այդ արժեքների նկատմամբ: Արժեքն արժևորվում է, երբ այն ապրում ես, ունես դրա սեփական փորձառությունն ու դրա հանդեպ պատասխանատվություն: Իսկ կրավորական անտարբերությունը պարսավելի է, եթե ոչ` դատապարտելի: Ճշմարտությունը կամ ապրում ես, կամ էլ այն դառնում է քո իսկ դատապարտությունը:

Ազգային արժեքների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ դրանք, ըստ էության, համամարդկային են: Փոքր-ինչ բացառությամբ, օրինակ, հայրենիքը արժեք է բոլորի համար: Սակայն հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը ունի իր երանգները տարբեր մշակույթներում: Եվ հենց այստեղ էլ ի հայտ են գալիս առանձնահատկությունները: Հայրենասիրությունն ի՞նչ աղերսներ ունի ծնողասիրության, եղբայրասիրության, մարդասիրության և առհասարակ սիրո հետ: Եթե չունի, ապա կարող է դառնալ վտանգավոր: Եթե մեր եղբորը չենք սիրում, մեզանից ի՞նչ հայրենասեր: Սա նշանակում է, որ ազգային արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համար անհրաժեշտ են համապատասխան մարդկային արժեքներ: Պետք է մարդ լինել, և հարկ է հասկանալ, թե ո՛վ է մարդը:

Դարերով մարդուն սահմանել են որոշակի արժեքներով կամ ավելի ստույգ` առաքինություններով: Մարդ ասելով` հասկացել են որոշակի առաքինությունների կրիչ: Օրինակ` հին հունական իմաստասիրությունը մարդուն սահմանում է ըստ չորս մարդկային առաքինությունների` արդարություն, խոհականություն, արիություն և ողջախոհություն: Վերջին երեքը վերաբերում են մարդու եռակարգ բնույթին (բանական, կամային և ցանկական), իսկ առաջինը` ամբողջությանը: Մարդու այս իմաստասիրական պատկերը նորպլատոնականության միջոցով որդեգրվել է նաև քրիստոնեական աստվածաբանության կողմից` երեք աստվածային առաքինությունների` հավատքի, հույսի, սիրո հավելմամբ: Ընդամենը այսքանը: Մարդկային կյանքում ցանկացած բարիքի դրսևորում կարելի է դուրս բերել այս հիմնարար առաքինություններից: Ուստի արժեքների սիրահարները պետք է հասկանան, որ պետք է դուրս գալ բաղադրյալ հասկացությունների շփոթից և տեսնել մարդու` դարերով բյուրեղացած պատկերը:

Այստեղ պետք է շեշտել, որ մարդուն բնութագրելու համար «առաքինություն»-ն ավելի ստույգ եզր է, քան «արժեք»-ը: Առաքինությունն ապրված, կենդանի և բարոյական լիցք ունեցող արժեքն է: Այսինքն` առաքինությունը բարիքի տեսական դրույթ չէ, այլ կենդանի մարդուն բնութագրող հիմնարար սկզբունք և վիճակ: Իսկ արժեքը երբեմն տեսական և վերացարկված է, երբեմն` մեռած, հետևաբար չի կարող լինել մարդու ապրումային ներաշխարհի նրբությունների արտահայտիչ: Ավելին, առաքինությունը մարդուն բնութագրող ստատիկ ճշմարտություն չէ, այլ մարդու իմացական և բարոյական աճն ապահովող իդեալ, որն անընդհատ բացում է մեզ դեպի ճանաչողության և կատարելագործման անսահմանությունը: Հետևաբար, առաքինությունները մարդկային կյանքի զարգացման դինամիկ ուղենիշներն են: Հիշում եմ մի կորեացի պրոֆեսորի հանդիմանությունը «Կրթություն 2015»-ի քննարկումների ժամանակ: Նա զարմացած հարցրեց. «Ինչո՞ւ եք այդքան սիրում խոսել արժեքներից: Մենք Կորեայում նախընտրում ենք խոսել առաքինություններից»:

Մարդու պատկերի հստակեցումը հատկապես կարևոր է կրթության ոլորտում: Ի՞նչ մարդ ենք պատրաստվում կերտել: Ի՞նչ ենք փոխանցում հաջորդ սերնդին: Որքանո՞վ է դա չափելի և գնահատելի: Սա նշանակում է, որ կրթական ծրագիրը պետք է ապահովի մարդու զարգացման հստակ, գործնական և իրատեսական հնարավորություններ: Կրթական ծրագիրը լավ ցանկությունների և բարեմաղթանքների հռչակագիր չէ, այլ սովորողի իրագործելի վերջնարդյունքներով քարտեզագրված փաստաթուղթ: Ժամանակակից տեղեկատվության ծավալների մեջ մենք վերջնականապես կմոլորվենք, եթե կրթական ծրագրերը սահմանափակվեն սոսկ առարկայական գիտելիքի պահանջներով:

Նույնիսկ գալով գիտելիքին` պետք է նախ այն տարբերել տեղեկատվությունից և հասկանալ, որ այս երկու հասկացությունների միջև հսկայական տարբերություն կա: Մեզ երբեմն թվում է, որ բավական է սերմանել, և բերքն ինքնըստինքյան ապահովված է: Աստծո պահած ենք, հրաշքով մի բան կստացվի: Ես չեմ ասում, թե հրաշքներին պետք չէ հավատալ: Պետք չէ հրաշքի վրա հավատք կառուցել, որովհետև հավատքը շատ ավելի խոր բան է: Իսկ մեծագույն հրաշքը մարդու ամենօրյա վերափոխումն ու կատարելագործումն է: Սա արդեն կրթության ասպարեզն է, որը հիմնված է կատարելության հասանելիության հավատքի վրա: Դպրոցները պետք է մտածեն, թե ինչ ոգու կրիչ են և թե այսօրվա հաղորդակցված աշխարհում ինչ կարող են տալ սովորողին, որը նա դպրոցից դուրս չի կարող գտնել: Արդյո՞ք նրանք տալիս են թռչելու թևեր` հաղթահարելու առօրեականությունը, թե կտրում են թևերը` սովորողին համապատասխանեցնելու առօրեականությանը: Դպրոցը դպրոց է նախևառաջ սովորելու շունչով և ստեղծարար ներուժով. այն ոչ միայն պետք է ապահովի որոշակի հարստություններ ժառանգելու հնարավորություն, այլև նորը կերտելու և ծածուկը հայտածելու նախանձախնդրություն:

Վերջապես, ո՞վ է այս գերկարևոր խնդրի վերջնական պատասխանատուն: Եթե ուսուցիչն է, ապա արդյո՞ք պատրաստում ենք այդպիսի ուսուցչի և զինում անհրաժեշտ գործիքներով: Այս հարցադրումները նրա համար չեն, որ հուսահատվենք, այլ որպեսզի հասկանանք և գործենք: Միայն թե գիտակցելով, որ կրթությունը փորձադաշտ չէ: Այստեղ տալու համար պետք է նախ ունենալ: Իսկ եթե ունես, պետք է տալու արվեստին տիրապետես: Ուզում եմ շեշտել, որ կրթությունը արվեստների արվեստ է, որովհետև նրա ատաղձը մարդու հոգին է: Իհարկե, միշտ չէ, որ բոլոր երանիները մեկ տեղում են լինում, սակայն այս դեպքում լավագույն որակների խտացումը հրամայական անհրաժեշտություն է: Ժամանակակից աշխարհը լի է գայթակղություններով, որոնք ստեղծում են տարբեր մտածելակերպային պատրանքներ: Օրինակ` աղբյուրների հասանելիությունը հաճախ պատրանք է ստեղծում, թե գիտելիքը փողոցներում շաղ է տրված և մնում է ձեռքը մեկնել ու վերցնել:

Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ունենան իրագործվելու լավագույն հնարավորություն: Նույնիսկ նրանք, ովքեր մոլորված են հարաբերական սկզբունքների անորոշությունների մեջ և սեփական կյանքը դարձրել են փորձադաշտ, իրենց հոգու խորքում չեն ուզում, որ իրենց երեխաների կյանքը դառնա փորձադաշտ: Դրա հավանականությունը բավականին մեծ է, քանի դեռ մեզ շրջապատում են կեղծ արժեքների որոգայթներ և «լավ կյանքի» խաբկանքներ: Եթե հաճոյամոլությունը և նյութապաշտությունը քարոզվում են ամեն քայլափոխի և դառնում հասարակության իդեալ, ապա այդ հասարակությունը չի կարող սահմանել բարձր նպատակներ և շարունակելու է մասնագիտական միջակության և բարոյական խեղճության վերարտադրությունը: Հանձնվելը և համակերպվելը «ունենք այն, ինչ ունենք» բանաձևին համազոր է մահվան: Միակ ճանապարհը ոտքի կանգնելն է, սեփական հիմքերն ամրապնդելը և ժամանակակից մարտահրավերների պայմաններում ճիշտ արժեքային շեշտեր կատարելը, որպեսզի մեր երեխաների համար հստակ ճանապարհ հարթենք:

Մարդը սոսկ վերջավոր և սահմանափակ խնդիրներ լուծող էակ չէ: Նա հավիտենական կյանքի ճամփորդ է: Նա գիտակցաբար կամ ենթագիտակցաբար երկխոսության մեջ է աստվածային հավերժի և անսահմանության հետ: Ավելին, այս գոյաբանական երկխոսությունն է, որ նրան մարդ է դարձնում: Սա մարդու աստվածային պատկերն է: Ես չեմ ուզում բարդացնել, այլ, ընդհակառակը, պարզեցնում եմ: Վերջավորի լուծումը վերջավորության մեջ չէ, այլ անվերջի: Փոքր խնդիրը լուծելու համար պետք է տեսնել մեծ պատկերը և փոքրության բարդույթից դուրս գալ: Կրթության գլխավոր առաքելությունն է մարդու սրտում վառել ընդմիշտ ճանաչելու կրակը և նրան դարձնել ճշմարտության հավերժ փնտրող:

Մեսրոպ քահանա Արամյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն