Գլխավոր » Հայկական տոներ

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏՈՆԸ

Օգոստոս 21, 2009թ. 12:47

Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը։ Այս հատկանիշներն է մարմնավորել Անահիտ դիցուհին, «որ է փառք զազգիս մե– րոյ եւ կեցուցիչ, որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան» (Ագաթանգեղոս)։

Անահիտը հայ հեթանոսական դիցարանում զբաղեցնում է բացառիկ տեղ։ Նա համարվում էր մայր աստվածուհի, կոչվելով Ոսկեհատ, Ոսկեծին, Ոսկեմայր։ Հայ թագավորները Անահիտից էին խնամակալություն եւ զորություն հայցում, հայ օրիորդները նրանից խնդրում էին լավ ամուսին, կանայք՝ հեշտ ու բախտավոր ծնունդ, իսկ ամուլ կանայք՝ երեխա։Երբ երաշտ էր լինում, Անահիտի արձանն էին գյուղեգյուղ ման տալիս եւ անձրեւ խնդրում։ Անահիտին էին դիմում նաեւ հիվանդությունների ժամանակ։

Մատենագիրների՝ մեզ թողած տեղեկություններից բացի, Անահիտի պաշտամունքի մասին իմանում ենք նաեւ «քրիստոնեացված» վերապրուկների միջոցով։
Գր. Լուսավորիչը քրիստոնեական խորհուրդները հարմարեցրեց ժողովրդին. Անահիտը փոխարինվեց Մարիամ Աստվածածնով (ի դեպ կարծիք կա, որ Մարիամ անունը Անահիտի ձեւափոխված տեսակն է. ժողովրդի մեջ պահպանված է Մայրան, այսինքն՝ Մայր Անահիտ)։ Անահտական տաճարները քանդվեցին եւ նրանց տեղում կառուցվեցին եկեղեցիներ՝ Աստվածածնի անունով, Անահիտի տոները վերափոխվեցին Աստվածածնի տոներով, իսկ Անահիտ դիցուհուն վերագրվող հատկանիշները տրվեցին Մարիամ Աստվածածնին։ Եվ այսպես, Անահիտի պաշտամունքը շարունակեց ապրել ու փոխանցվել սերնդե սերունդ Մարիամի անունով։

Ասացինք, որ Անահիտը պաշտվել է որպես մայրության, պտղաբերության աստվածուհի, ժողովրդի մեջ մնացել են մի շարք սովորույթներ։Օրինակ. Նոր Բայազետի Օրդակլու գյուղի Թուխ Մանուկ վայրում ուխտի էին գնում ամուլ կանայք` երեխա ունենալու հույսով։ Նրանք իրենց գոտին (իսկ գոտին կանացի սեռականության խորհրդանիշն է) դնում էին սուրբ քարի վրա, իրենք անցում էին քարի նեղ անցքով, իսկ հետո խնդրում որեւէ օտար տղամարդու կապել այն։ Այս վայրում հնում եղել է Անահիտի մեհյան, եւ այստեղ կատարվել են ծեսեր ու զոհաբերություններ առ դիցուհին։ Իսկ ուշ շրջանում այդ ամենը կապվել է Մարիամ Աստվածածնի զորության հետ։

Որպեսզի տարվա բերքը առատ լինի, Անահտական տոներին
մարդիկ ցորենի հասկերից փնջեր, ծառերի ոստերից հյուսված պսակներ էին նվիրաբերում դիցուհուն։ Այս սովորույթը եւս պահպանվել է։ Աստվածածնի տոներին ժողովուրդը եկեղեցի է տանում ճյուղերից ու ցորենի հասկերից հյուսված խաչփնջեր, պսակներ։
Անահիտի պաշտամունքի տարրեր են արտացոլված նաեւ հայ էպոսում՝ «Սասնա ծռերում»։ Հետազոտողներից մի քանիսը գտնում են, որ Անահիտը էպոսում արտահայտվել է Դեղձունի կերպարով։ Իսկ Կ.Մելիք֊ Փաշայանի կարծիքով Անահիտը էպոսում դրսեւորվել է Խանդութ խանու¬մի կերպարով։ Կարծիք կա նաեւ, որ Անահիտը կերպավորվել է պառավ Նանիով, որը Դավթին զգաստության է կոչում՝ ուղարկելով հայրենիքին պաշտպան կանգնելու։ Պետք է ավելացնել, որ Անահիտը հայտնի է իբրեւ «ռազմատենչ աստվածուհի»։
Անահիտին վերագրվել են նաեւ բժշկական ունակություններ։ Ըստ ժողովրդի, Անահիտը սեռական հիվանդությամբ պատժում էր թեթեւաբարոներին, և հիվանդությամբ վարակվածները հենց Անահիտից էլ բժշկվելու օգնություն էին խնդրում։

Հետագայում, Անահիտի բժշկելու ունակությունը փոխանցվել է Մարիամ Աստվածածնին։ Վեներական հիվանդությունը կոչվել է «Տիրամոր յարա» եւ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ՝ բուժվելու համար ուխտի են գնացել Աստվածածնի եկեղեցի։
Անահիտին նվիրված տոներից ամենաշքեղը նշվում էր հայոց Նավասարդ ամսին։ Այս տոնը կապված էր պտուղների հասունացման հետ։ Տոնակատարության ժամանակ ուխտավորներ էին հավաքվում Անահտական մեհյանների շուրջը։ Կատարվում էին ծիսակատարություններ, որոնք ուղեկցվում էին ձոներով, երգերով, ապա տեղի էին ունենում խնջույքներ։ Աստվածամոր այս տոնը մեծ շքեղությամբ է կատարվել Հայաստանում, որին մասնակցել են նաեւ թագավորներն՝ իրենց շքախմբերով։
Այս տոնը նմանապես փոխարինված է Մարիամ Աստվածածնի տոնով եւ կոչվում է «Վերափոխումն Աստվածածնի»։ Ըստ հայ եկեղեցու տոնացույցի, այն նշվում է օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակին։ Տոնին զուգակցվող-նշանավոր իրողություններից մեկը եկեղեցում խաղողի օրհնումն է (խաղողօրհնեք), որի հիմնական խորհուրդն է՝ տարվա առաջին բերքի նվիրաբերումը Աստծուն կամ նրա տաճարին։ Դրանով նաեւ օրհնություն է հայցվում, որ այգիները բերրի լինեն։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`