Գլխավոր » Infowar, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Հուլիս 30, 2010թ. 15:00

AtanesyanԱմենայն հավանականությամբ, հայ իրականության մեջ շրջանառվող տեսակետը, թե «մենք քարոզչական ճակատում զիջում ենք Ադրբեջանին», այնքան էլ կապ չունի իրականության հետ: Երեւի թե մեզ պակասում է ադրբեջանական քարոզչության նյութերը համադրելու, համեմատելու, վերլուծելու կա՛մ ցանկությունը, կա՛մ կարողությունը: Դրանից էլՙ մեզանում իշխող վերոհիշյալ տպավորությունը:

Ահավասիկ. մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը մեծ «շռայլություն» արեց եւ հինգ միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի լրագրողներին ապահովեն բնակարաններով: Ինչպես եւ սպասվում էր, սույն «հայրական հոգատարությունը» մեծ խանդավառություն է առաջացրել Բաքվում: «Դարակազմիկ» իրադարձության առթիվ հանդես է եկել Իլհամ Ալիեւի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը : Պաշտոնյան չի զլացել պնդել, որ ներկայում «պատիժ կրող եւ ոչ մի լրագրող մասնագիտական գործունեության համար չի դատապարտվել»:

Մինչդեռ նույն լրատվամիջոցը հաջորդ օրը հրապարակել է ոմն Ռիզվան Հուսեյնովի ծավալուն «բացահայտումը», թե ինչպես «Իրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը «դարձել է հայկական քարոզչական նախագիծ իրականացնող»:

Ըստ «վերլուծության», Ֆաթուլլաեւը «մի քանի անգամ հանդիպել է Հայկ Դեմոյանին», ով էլ «նրան ներշնչել է, որ հարկավոր է զբաղվել Խոջալուում ադրբեջանցիների գործած հանցանքների թեմայով»: Այս մի հատիկ նախադասությունն, ըստ Ռիզվան Հուսեյնովի, Ֆաթուլլաեւին դրդել է տասնյակ անգամ մեկնել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այդ ուղեւորություններից էլ ծնվել է «Ղարաբաղյան օրագիր» դիտարկումների շարքը, որը հետագայում տպագրվել է «Իրական Ադրբեջան» թերթումՙ միայն ռուսերեն տարբերակով:

Ինչպես հայտնի է, այդ հրապարակումներից մեկում Ֆաթուլլաեւը կասկած է հայտնել Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանության իրավացիության հանդեպ եւ ենթադրել, թե չի բացառված, որ խաղաղ բնակչության վրա կրակել է Ադրբեջանի Ժողճակատի զինված խմբավորումը, որն այդ օրերին գտնվում էր Աղդամում:

Ֆաթուլլաեւի դեմ քրեական հետապնդում սկսվել է լրագրող Տատյանա Չալաձեի դիմումի հիման վրա: Չալաձեն ներկայումս «Բակռաբոչի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն է: Նա, իր իսկ վկայությամբ, Ադրբեջան է տեղափոխվել Մերձբալթիկայից, երբ այնտեղ զրկվել է աշխատանքից եւ մնացել առանց գոյության միջոցների:

Վստահաբար կարելի է ասել, որ Չալաձեն Ադրբեջանի «գաղափարախոսական ճակատի» վարձկաններից մեկն է: Նա Բաքվում հայտնվել է ղարաբաղյան պատերազմի ամենասկզբնական շրջանում: Տեւական «ստեղծագործական գործուղման» մեջ է եղել ադրբեջանցիների բռնագրաված Մարտակերտի շրջանում:

Սույն թվականի ապրիլին Բաքվում լույս է տեսել Չալաձեի հերթական գիրքըՙ «Դատապարտված Խոջալու»: Հետաքրքրականն այն է, որ գրքի շնորհանդեսը կազմակերպել է ոչ թե գրողների կամ լրագրողների միությունը կամ որեւէ հասարակական- քաղաքական կազմակերպություն, այլ… Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը, որի «օժանդակությամբ էլ ստեղծվել է այն»: Այդպես է ասված տարածված տեղեկատվության մեջ:

Այդ առթիվ տված հարցազրույցում Չալաձեն, պատասխանելով Խոջալուի դեպքերի պատճառների մասին հարցին, ասում է, թե «դրանով Ռուսաստանն Ադրբեջանին պատժել է անկախ քաղաքականություն վարելու համար»:

Իսկ ահա թե ինչ է գրում Չալաձեն «Դատապարտված Խոջալու» գրքում. «Եթե հաշվի առնենք, թե Մութալիբովն ինչպես էր կառչել իշխանությունից, ապա կարելի է ենթադրել, որ Խոջալուի ողբերգությունը նրա համար անսպասելի չէր: Ըստ երեւույթին հոգու խորքում նա բավական ավելի վաղ էր հաշտվել այն մտքի հետ, որ ինչ- որ մեկը պիտի զոհաբերվիՙ հանուն իր անձնական գերագույն նպատակիՙ մնալ նախագահ: Բայց ոչ թե անկախ Ադրբեջանի, այլՙ հատկապես ռուսական բանակի կողմից վերահսկվող խամաճիկային երկրի նախագահ…

Մութալիբովը, իրեն ոչ հատուկ համառությամբ, չնայած ամեն ինչի, ձգտում էր պահպանել անձնական իշխանությունըՙ ակնհայտորեն հույս դնելով արտաքին ինչ- որ օգնության վրա: Եվ պատահականություն չի կարող լինել, որ 1992 թ. փետրվարի 25-ին անմիջապես, տառացիորեն Մոսկվայում Ելցինին եւ Շապոշնիկովին Արազ Ալիզադեի հանդիպելուց մի քանի ժամ անց սկսվել է Խոջալուի գրավման ռազմագործողությունըՙ ռուսական գնդի օգնությամբ… Կարծում եմՙ Ալիզադե եղբայրները Մութալիբովի հետ իրենց հետաքրքրությունն են ունեցել Խոջալուի ողբերգության մեջ, որպեսզի ադրբեջանական ժողովրդին ցույց տան, որ ազգային բանակը դեռ ստեղծված չէ, Ղարաբաղը պաշտպանելու ընդունակ ռազմական ուժ չկա եւ պետք է, թեկուզ ժամանակավոր, նորից օգնության կանչել ԱՊՀ բանակը… Հնարավոր է, որ հատկապես դրա համար է Ալիզադեի մասին Մութալիբովն ասում, որ իրենց միացնում է գաղտնի պայմանավորվածությունը. «Չեմ կարծում, որ Այազ Մութալիբովի եւ Արազ Ալիզադեի ճանապարհները կբաժանվեն»»: Ահա նման կռահումներ եւ բացահայտումներ է անում «Ղարաբաղյան պատերազմի վետերան» Տատյանա Չալաձեն:

Ֆաթուլլաեւը, ի տարբերություն Չալաձեի, նման գաղտնիքների չի տիրապետել: Նա ընդամենը լսել է մարդկանց, այդ թվումՙ հարյուրավոր նախկին խոջալուցիների, եղել Խոջալուում, անցել այն ճանապարհը, որով դուրս են եկել խաղաղ բնակիչները, տեսել տեղանքի դիրքը եւ արդարացիորեն եզրակացրել, որ մարդիկ սպանվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ այն պահին գտնված տարածքում: Դրա համար նրան բանտարկել են: Իսկ ահա Չալաձեն, որ ակնհայտորեն Խոջալուի համար մեղադրում է Այազ Մութալիբովին եւ Արազ Ալիզադեին, Բաքվում արժանանում է բարձր պատիվների:

Բաքվի քարոզչությունը համարում է, որ «հայերը Խոջալուում ցեղասպանություն են կատարել»: Իսկ ահա հարցով զբաղվող երկու լրագրողներ պատասխանատվությունը դնում են ադրբեջանական կողմի վրա: Մեկըՙ Ժողճակատի, մյուսըՙ Մութալիբովի:

Ներկա իշխանությունն, ի դեպ, ո՛չ մեկին է ընդունում, ո՛չՙ մյուսին: Մութալիբովը վտարանդի է, նույն ճանապարհը շուտով կբռնի նաեւ ԱԺՃ հիմնադիր եւ Ադրբեջանի էքս- նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ընտանիքը: Բայց ո՞րն է պատճառը, որ ԱԺՃ-ին մեղադրողը դատապարտվում է, իսկ Մութալիբովի դավաճանությունը բացահայտողըՙ խրախուսվում:

Փորձենք մենք էլ վարկած առաջադրել. իսկ եթե Մութալիբովի դեմ ներքաղաքական պայքարի եւ նրա պաշտոնանկությունը կազմակերպած ուժերի թիկունքում կանգնած է եղել ոչ այլ ոք, քան… Հեյդար Ալիե՞ւը: Չէ՞ որ այն ժամանակ նա արդեն Նախիջեւանում էր:

Ի դեպ, Էյնուլլա Ֆաթուլլաեւը ձերբակալվեց եւ դատապարտվեց այն ժամանակ, երբ սկսել էր հրապարակումների նոր շարք, որի գլխավոր հերոսը Հեյդար Ալիեւն էրՙ իր գաղտնախորհուրդ կենսագրությամբ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ , ԼՂՀ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն