Ապրիլ 24` Սուրբ Հարության տոն և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

«Հարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց, հարուցյալ է հայրենի իր պետականությամբ և աշխարհի բոլոր կողմերում վերազարթոնք ապրող հոգևոր ու ազգային իր կյանքով». Գարեգին Բ Կաթողիկոս

Ապրիլի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը և համայն հայության հետ ոգեկոչեց հայոց Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբանների, ապրիլի 24-ի առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի գլխավորած եկեղեցականաց դասը՝ ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայոց պետական ավագանու, կատարեց հոգեհանգստյան արարողություն:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Նորին Սրբությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հանդիսապետելու Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշափառ տոնի արարողությունները:
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ:

Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին լոնդոնաբնակ բարերար Ստեփան Օվանեսովը, Արա Ալեքսանյանը, ՙԿլոր Սեղան՚ միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը և Մանվել Տեր-Առաքելյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ս. Պատարագի ընթացքին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին` անդրադառնալով տոնին և մեր ժողովրդի կյանքում Ս. Հարության խորհրդին և փոխանցելով ամենքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության ավետիսը. ՙ…Քրիստոսի Հարությամբ խորտակվել են մահվան շղթաները, երկրի վրա սփռվել երկնային օրհնություններն ու հավիտենական պարգևները, մարդկանց հոգիներում հաստատվել ոգեշնչումը, քաջալերությունն ու վստահությունը, որ Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է Իր անսահման սիրով, խնամքով ու ողորմությամբ, չարից, փորձություններից ու նեղություններից ազատելու զորությամբ։ Արդարև, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ պարտվում է մահը, և հորդում է կյանքը, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի և խնդությունն ու երանությունը հավիտենության՚:
Իր պատգամում Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հարության զորությամբ հայ ժողովուրդը հառնեց Գողգոթայից Ցեղասպանության, որն իրագործվեց Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին, երբ մեկ ու կես միլիոն հայորդի եղեռնահար չարչարվեց, Տիրոջ պես խաչվեց, բայց չուրացավ Քրիստոսին։ Անդրադառնալով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելությանը` Նորին Սրբությունը մասնավորաբար ասաց. ՙՔրիստոսի Հարության խորհրդով և մեր ժողովրդի վերածնված կյանքի հույսերով` այս առավոտ Հայաստանի Հանրապետության Նախագահի, հայոց պետական ավագանու, օտարերկրյա դիվանագետների հետ այցելեցինք մեր նահատակներին Ծիծեռնակաբերդի բարձունքում և աղոթեցինք նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար` մեր հոգում կրելով երախտագիտությունը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ազգերի, պետությունների և Եկեղեցիների հանդեպ, երախտագիտությունը` մարդասեր բոլոր այն անհատների հանդեպ, ովքեր, հաճախ վտանգելով իրենց կյանքը, մահվան ճանկերից փրկեցին մեր ժողովրդի բազում զավակների։ Համայն մեր ժողովրդի հետ, որ այսօր աշխարհի չորս ծագերում իր խոնարհումն է բերում մեր անմեղ զոհերի հիշատակին, նորոգեցինք մեր ուխտը` աննահանջ պայքարով հետամուտ լինելու, որպեսզի համընդհանուր դատապարտություն գտնեն Հայոց Ցեղասպանությունը և մարդկության դեմ գործված բոլոր եղեռնագործությունները՚։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև նշեց. ՙՄեր նահատակների անմար հիշատակի առջև, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, պարտք ունենք առավել զորանալու մեր պարտականությունների, ծառայության ու առաքելության մեջ, պարտք ունենք` իրագործելու նրանց իղձերն ու տեսիլքները: Մեր հայրերը երազում էին Հայրենիքի ազատ եզերքներում հայ ժողովրդի ապահովությունն ու բարօրությունը, հայ կյանքի միասնականությունը և ազգային նվիրական արժեքների վրա խարսխված առաջընթացը: Արդ, այսօր, երբ ունենք ազատ Հայրենիք, կորով ու եռանդ ներդնենք մեր նախնյաց փափագի մարմնավորման` մեր 20-ամյա երիտասարդ պետության հզորացման, մեր ժողովրդի բարգավաճ կյանքի, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման, ազատ ապրելու մեր իրավունքի պաշտպանության, մեր արդար դատի հաղթանակի համար՚: Սակայն Նորին Սրբությունը նկատեց, որ միջազգային ասպարեզներում արդարության համար հայոց պայքարը և Հայրենիքում ու Սփյուռքում շեն ու բարօր կյանքի համար ջանքերը հաղթական չեն լինի, եթե հայոց կյանքում, յուրաքանչյուրիս հոգում զորեղ չլինեն արդարությունն ու ճշմարտությունը: Դրանք բարի արգասավորություն կունենան, երբ մեր կյանքում աննվազ լինեն և առաջնորդող` միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, մեղքն ու չարիքը մերժելու վճռականությունը, բարոյական արժեքների հանդեպ նախանձախնդրությունը:
ՙԱրդարության տկարացումը խարխլում է հիմքերը աստվածաստեղծ աշխարհի, խաթարում է կյանքի բնականոն, խաղաղ ընթացքը: Հոգեմտավոր զարգացման մեծ ճանապարհ անցած մարդկության ձեռքբերումների, սխրանքների ու նվաճումների կողքին տակավին տեսնում ենք նաև անտեսված իրավունք, կարիք, թշնամանք, տնտեսական ճգնաժամ ու պատերազմներ։ Միջազգային ասպարեզում դեռևս վիճարկվում է ժողովուրդների ազատ ապրելու աստվածապարգև իրավունքը: Այս իրողությանն ականատես ենք ի դեմս տարբեր երկրներում ընթացող հակամարտությունների և ազգային մեր անդաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ձգձգվող գործընթացի։ Ազգերի ազատ ապրելու իրավունքը ոչ միայն արժանապատվություն է մարդկային հասարակության համար, այլև` երաշխիք խաղաղ աշխարհի։ Մենք հավատում ենք, որ նոր սկսված դարում պիտի հաղթանակի մերժողականությունը բռնության, իրավունքի ոտնահարման հանդեպ, և դրանց հակառակ` պիտի արգասավորվի մարդասիրական արժեքների հաստատումը` հնարավոր դարձնելով ամենուր արդարության և խաղաղության իրագործումը՚, – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նշելով, որ Քրիստոսի Հարության տոնը հարուցյալ հոգով ապրելու և գործելու հրավեր է աշխարհի բոլոր քրիստոնյաներին` Վեհափառ Հայրապետը հորդորեց հայորդիներին հաստատուն մնալ Հարուցյալ Տիրոջ պարգևած շնորհների մեջ, անդադրում հոգալ մեր ազգի, Մայր Հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար, հոգալ, որ ի սփյուռս աշխարհի հավատքով զորանան հայ ընտանիքները, աճեն ու բազմանան` լրացնելով մեր ժողովրդի կորուստները։
Նվիրական այս օրը Հայոց Հովվապետը հայցեց Հարուցյալ Տիրոջը կամք ու իմաստություն պարգևել մարդկանց` հաղթահարելու կյանքի փորձություններն ու դժվարությունները, գտնելու հիմնախնդիրների կարգավորման ուղիները, Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահել մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
Ս. Հարության ավետիսով Վեհափառ Հայրապետն իր ողջույնները հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգևոր դասին, Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին:
Հավարտ Սուրբ Պատարագի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին վերստին ողջունեց Ս. Հարության կենսաբեր ավետիսով:

ArmAr.am