- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Այսօր պահը նպաստավոր չէ՞ բարձրացնելու Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի հարցը

Հարցազրույց թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ

Ի՞նչ գործընթացներ են այսօր տեղի ունենում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման ուղղությամբ, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներից հետո, կարծես, փոքր-ինչ դադարի փուլում ենք` և’ մենք, և’ աշխարհը:

-Դա տրամաբանական է, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին տեղի ունեցան նշանակալից իրադարձություններ, դրանցից մեկը Հռոմի պապի հայտնի ելույթն էր Հայոց ցեղասպանության մասին, մյուսը Եվրոխորհրդարանի կողմից Ապրիլի 24-ը ցեղասպանությունների ոգեկոչման միջազգային օր հայտարելու մասին որոշումն է, որով Եվրոխորհրդարանն իր անդամ երկրներից պահանջեց ևս նման որոշում ընդունել: Այսինքն, բավական լուրջ տեղաշարժեր եղան: Սակայն ակնկալել, որ մեզ համար կարևոր այդ խնդիրը պետք է անվերջ լինի աշխարհի օրակարգում` իրատեսական չէ: Մանավանդ որ, աշխարհում, մասնավորաբար, տարածաշրջանում իբրև թե քիչ էին պրոբլեմները, վերջին շրջանում դրանց ավելացավ նաև սիրիական փախստականների հարցը: Այս լարվածությունը շեղում է Արևմուտքի ուշադրությունը և հնարավորություն չի տալիս միջազգային կազմակերպություներին կենտրանանալՀայոց Ցեղասպանության խնդրի վրա:
Բայց նաև պետք է ասեմ, որ այլևս եկել է ժամանակը, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչման հարթությունից փոխադրվի հետևանքների վերացման հարթություն:
Սակայն խնդիրը այն է, որ այստեղ մեր քայլերը պետք է լինեն հաշվարկված, ճիշտ ժամանակին, որովհետև եթե հանկարծ ձախողենք, ապա այդ մեծագույն սխալն ուղղելու համար մեզանից կպահանջի երկար տարիներ ու հսկայական ջանքեր:

-Ապրիլի 24-ին ոգևորվեցինք, երբ տեղեկացանք, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունելու, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Օրերս, սակայն Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մ. Քիեսլերը ասել է, թե Բունդեսթագում կրկին թեժ քննարկումներ են տեղի ունեցել և հնարավոր է, որ աշնանը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում լինի: Այս գործընթացի՞ց ինչ ակնկալենք:

– Եթե Գերմանիայի դեսպանը նման համոզմունք չունենար, դժվար թե այդպիսի հայտարարություն աներ, չէ՞ որ իրեն ոչ ոք չի ստիպել դա ասել: Հարցին ամբողջական պատասխան տալու համար փոքր-ինչ վերլուծենք ստեղծված իրավիճակը: Վերջին շրջանում Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները բավականին սրվել են: Մի քանի օր առաջ Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Թուրքիան պետք է զերծ մնա քրդական ՊԿԿ-ի դիրքերը ռմբակոծելուց: Նաև հիշեցրել, որ եթե Թուրքիան միացել է ՙԻսլամական պետություն՚ կոչվող կազմակերպության դեմ մարտնչող կոալիցիոն ուժերին, ուրեմն պետք է ճշգրտորեն կատարի տված խոստումները: Սա բավական կոշտ հայտարարություն է, կարելի է ասել կարգադրություն, պահանջ: Հետո, Թուրքիան այլևս չունի հակահրթիռային համակարգեր, քանի որ մեկ ամիս առաջ Գերմանիան ու ԱՄՆ-ը նրա տարածքից հանեցին իրենց իսկ տեղադրած համակարգերը: Երկու երկրների այս քայլը ևս մի ճնշում էր Թուրքիայի հանդեպ, հասկացնում են` զգույշ մնա, եթե չկատարես ԱՄՆ-ի, ԵՄ-ի պահանջները` ավելի մեծ փորձանքներ կարող են գալ գլխիդ: Օրինակ, ԱՄՆ-ը ու Գերմանիան կարող են ՊԿԿ-ի կենտրանակայանում, որը թուրքերը հաճախ են ռմբակոծում, տեղադրել շարժական հակահրթիռային համակարգեր և ոչնչացնել թուրքական ինքնաթիռները: Ասելիքս այն է, որ Արևմուտքում խիստ դժգոհություն կա Էրդողանի հանդեպ, չեն վստահում ոչ այդ երկրի նախագահին, ոչ էլ առհասարակ թուրքական պետությանը:

Բացի այդ, Արևմուտքը Թուրքիայի դեմ զայրացած է նաև սիրիացի փախստականների հարցում: Թուրքիան Սիրիայից մոտ 2 մլն փախստական բերեց ու կուտակեց իր ճամբարներում, ընդորում նրանք ոչ թե Բաշար Ասադից, այլ իսլամիստների վայրագություններից փախած սիրիացիներ են: Թուրքիան սկզբում հույսեր ուներ, որ զորք կմտցնի ու կտապալի Ասադի վարչակարգը, որից հետո այդ փախստականներին իր հետ կտանի Սիրիա, ովքեր կդառնան Թուրքիայի հենարանը Սիրիայում: Բայց իր ծրագիրը տապալվել: Իսկ այդ մարդիկ այսօր Թուրքիայում գտնվում են սարսափելի պայմաններում` սոված, ծարավ, ապրելու հնարավուրություն չունեն, ու միակ ելքը համարում են Հունաստանով դեպի Ավստրիա, ապա Գերմանիա փախչելը:
Փաստորեն, Թուրքիան ինքնագլուխ քայլ կատարեց, փորձեց իրականացրել մի ծրագիր առանց համաձայնեցնելու Արևմուտքի իր դաշնակիցների` Եվրոմիության, ՆԱՏՕ-ի հետ, որովհետև գիտեր, որ իրեն մերժելու են, դրա համար խորամանկեց ու փաստի առաջ կանգնեցրեց Արևմուտքին: Իսկ դիվանագիտության մեջ ամենից վտանգավորը նման խորամանկությունն է:
Հիմա դառնալով մեր խնդրին ասեմ. գերմանա-թուրքական այս լարվածությունը հնարավորություն է ստեղծում, որ Գերմանիան այս անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունի: Բայց ես չէի ցանկանա, որ Գերմանիան Թուրքիայի հետ ունեցած լավ կամ վատ հարաբերությունների տրամաբանությամբ գնար նման քայլի, քանի որ դա կլինի պարզ շահարկում:
Մինչդեռ չպետքէ մոռանալ, որ Գերմանիայի կողմից նման բանաձևի ընդունումը իր պարտավորության կատարում է ոչ թե որևէ մեկին արվող լավություն: Գերմանիան ՄԱԿ-ի կողմից ընդունված ՙՑեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին՚ կոնվենցիայի տակ ստորագրած պետություն է, իսկ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական միջոցը նախ և առաջ ճանաչումն է: Այնպես որ, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը Գերմանիան ընդամենը կկատարի Ցեղասպանության կոնվենցիայի տակ դրված ստորագրությունից բխող իր պարտականությունը:

-Հայերս մշտապես հույս ենք փայփայում, որ կգա այն օրը, երբ աշխարհն ի վերջո կճանաչի Թուրքիայի իրական դեմքը, քաղաքական իրավիճակն էլ կլինի այնքան նպաստավոր, որ մենք կկարողանանք բարձրացնել Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենիքի` Արևմտյան Հայաստանի խնդիրը: Գուցե այսօր հենց այդ նպաստավոր պա՞հն է, մանավանդ որ Թուրքիայի ՙգլուխը խառն՚ է, անգամ խոսվում է այդ երկրի մասնատման մասին: Չմոռանանք, որ Թուրքիան 20-րդ դարասկզբին օգտվեց հենց նման <խառը ժամանակներից> ու իրականացնելով ցեղասպանություն` Արևմտյան Հայաստանը զրկեց իր բնիկներից:

-Որպեսզի կարողանանք խոսել Արևմտյան Հայաստանի մասին մենք պետք է ամրացնենք Հայաստանի Հանրապետությունը, կասեցնենք արտագաղթը, մեր տնտեսությունը զարգացնենք: Այդ դեպքում միայն միջազգային հանրությունը մեր պահանջատիրությունը լուրջ կընդունի: Իսկ այս պահին հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի: Սակայն ասվածս ամենևին չի նշանակում, որ մենք պետք է չգործենք: Ինչպես արդեն ասացի, Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ճանաչման հարթությունից պետք է փոխադրել հետևանքների վերացման հարթություն: Ասել է, թե պետք է միջազգայնացնենք Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, որպեսզի հնարավորության դեպքում պատրաստ լինենք կոնկրետ քայլերի, որպեսզի միջազգային հանրությունը ևս դրան պատրաստ լինի ու հասկանա մեզ:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի մասնատմանը, ապա, տեսեք, 1991-ից Հյուսիսային Իրաքում Քուրդիստան շրջանն է ձևավորվել, որը ունի իր բանակը, խորհրդարանը, կառավարությունը, դրոշը, այսինքն, դե ֆակտո անկախ է: Նույնը 2011-ից հետո ստեղծվեց Հյուսիսայում Սիրիայում, այստեղ էլ քրդական շրջանները ինքնուրույն են և ունեն ԱՄՆ աջակցությունը: Եթե այս քրդական պետական կազմավորումները ճանաչվեն նաև միջազգայնորեն, այսինքն` դե յուրե դառնան անկախ պետություններ, ակնհայտ է, որ Թուրքիայի Հարավ Արևելյան շրջաններում քրդական հարցը աննախադեպ կսրվի, այստեղի քրդերն էլ ոտքի կկանգնեն, այլևս չեն ցանկանա մնալ Թուրքիայի կազմում: Ու այդ ժամանակ Թուրքիան իրապես կկանգնի փաստի առաջ` կմասնատվի: Ահա սա է Թուրքիայի գլխին կանգնած սպառնալիքը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ