Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Այդ ե՞րբ կորցրեցինք մեր զգոնությունն ու դարձանք այսչափ անտարբեր

Սեպտեմբեր 8, 2009թ. 10:43

Մեզանում հաճախ է հնչում այն կարծիքը, թե մեր հասարակությունը գերքաղաքականացված է , թե «սովորական» հայը պետք եղածից առավել` տարված է քաղաքական անցուդարձով:

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից անցել է բավական ժամանակ. Բայց հնարավո՞ր է խոսել այդ  փաստաթղթի` հայ հասարակության մեջ ունեցած արձագանքի մասին: Նկատի ունենալով Հայ Դատի, Հայկական Հարցի կարևորությունը մեր ազգային գիտակցության, ազգային ինքնության հաստատման հարցում, բնական է` նման արձագանքի սպասումը, թող որ այն լինի տարաբնույթ, բազմազան, բայց ոչ թե իշխի անտարբերությունն ու ի միջայլոց վերաբերմունքը :

Նախորդող շաբաթվա ընթացքում հնչել են բացառապես քաղաքագետների և կուսակցական գործիչների տեսակետներ. մտավորականության և հայ անհատի կարծիքը` որպես այդպիսին, կամ չի ձևավորվել, կամ չի արտահայտվել:  Գուցե սա դիտվի «կայացած» հասարակությանը բնորոշ հայտանի՞շ: Սակայն համաձայնեք, որ կան ազգային ինքնությանն ու հոգեբանությանն առնչվող հարցեր, որոնց նկատմամբ լռությունն  ինքնազննումի տեղիք է տալիս:

Անգամ Խորհրդային միապետության տարիներին` 1965թվականի ապրիլ 24-ին, հայ ժողովուրդն աննախադեպ միասնությամբ և անընկճելի ուժով  ոտքի ելավ ու  լսելի դարձրեց իր ձայնը` ի լուր աշխարհի հայտարարելով   Հայոց Ցեղասպանության փաստի մասին:

Իսկ այսօ՞ր` այլևս խորհրդային բռնապետությունը թոթափած, իր ազատ, անկախ Պետությունը կառուցող հայն ինչպե՞ս է արձագանքում  ազգային կարևորագույն խնդիրներին և արձագանքո՞ւմ է արդյոք:

Արդեն մեկ շաբաթ է տարակուսանքով հետևում եմ` զրույցներում, հանդիպումներում, հասարակական վայրերում այս թեման միանշանակ շրջանցվում է, ու ինքս ինձ տարակուսած հարցնում ` այդ երբվա՞նից է ցեղասպան  Թուրքիայի հետ մեր ապագան դարձել քաղաքական սովորական առօրյա:  Այս ապատիան ավելի քան անհանգստացնող է:

Մեկ անգամ չէ, որ որոշ քաղաքագետներ տեսակետներ են հնչեցրել, թե Ցեղասպանության խնդիրը զգացմունքային դաշտից պետք է դուրս բերել, «հայրենիքը սրտում պահել» ու  «ազատվել անցյալի  բարդույթից»: Նմանների համար  պատմության այդ ողբերգական շրջանը  մեր պատմական անցյալի հերթական մի փուլն է, հետևապես և, անիմաստ է անցյալի անիվը հետ պտտել: Այսպիսի տեսակետ արտահայտողներն իրենց համարում են իբրև` առավել գործնական ու սթափ մտածողության տեր: Այս դիտանկյունով, թերևս, կարելի է և ողջունել «նոր հայի» այսչափ գործնականությունը. ի դեպ, այսպիսիններին մեր «ազգային» օլիգարխներից որևէ մեկի կենցաղը շատ ավելի է հետաքրքրում, քան   պետությանն ու ազգին առնչվող հարցերը:

Կարծում եմ, ազգային ինքնության, հոգեբանության, դիմագծի առումով սա լուրջ դիտարկման խնդիր է:

90-ականների դժվարություններից հետո հաճախ եմ ցավ ապրել լսելով`   «Ղարաբաղը մեզ պետք չէր, հանգիստ ապրում էինք, էլի»: Իսկ ո՞ւր մնաց մեր ազգային գիտակցությունը. ինչ շուտ տրվեցինք  օտարամուտ ազդակներին,  կորցնելով մեր միասնականությունն ու զգոնությունը…

Ե՞րբ ենք հասնելու ազգային միասնության այն գիտակցմանը, որ անգամ մեր ֆիզիկական գոյությունը չընկալենք Հայկական Հարցից դուրս ու չհայտարարենք, թե «այդպիսի հարց այլևս չկա», թե կարող ենք կերտել պայծառ ապագա` այն  պատմության խորքերը նետելով:

Մենք` իբրև ազգ շարունակելու ենք մեր պատմական երթը որպես  մեր  ազգային ինքնության կրողնե՞ր. թե՞  օրվա նեղ, կենցաղային խնդիրներին տրվելով` կորցնելու ենք  մեր ազգային դիմագիծը: Մի բան ակնհայտ է` թերևս կարող ենք դժվար կողմնորոշվել դիվանագիտական «ձևակերպումների» թնջուկում, բայց բոլորս պարտավոր ենք գիտակցել անցյալի և ապագայի առաջ մեր պատասխանատվությունը:

Անվիճելի են մասնագետների փաստարկներն այն մասին, որ Թուրքիայի գեոպոլիտիկ ծրագրերն այսօր նույնքան կենսունակ են, ինչպես մեկ դար առաջ էր: Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայկական հարցի մի մասն է, այն չի կարող լուծվել այդ համատեքստից դուրս կամ դրա հաշվին, ինչպես ոմանք «իրատեսորեն» մեկնաբանում են:

Այսօր յուրաքանչյուր հայ պիտի մտահոգված լինի այս խդիրներով: Պետությունները կայուն են ու հզոր ոչ միայն զենքի ուժով, այլև ազգային մտածողությամբ ու  ինքնությամբ: Մեր գլխին` ազգերի

«համահարթեցում»  քարոզող Եվրոպան, հավատացնում եմ, այսօր առավել քան կառչած է յուր ազգայինին: Այնպես որ ներկայումս հայ հասարակության ներսում տիրող այս  ապատիան ահազանգ է մեր ազգային գիտակցությանը:

Տարիներ առաջ հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը մամուլում մի դրվագ էր ներկայացրել, որն այս պահին ավելի քան խոսուն է: Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ-երկու օր անց, փողոցում քայլելով, Երևանի պետական համալսարանի առաջ, տեսնում է ցուցարար երիտասարդների մի խմբի: Մտածում է, թե հայ սպայի սպանությունն է վրդովվեցրել երիտասարդներին և նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Սակայն հիասթափությունը խորն է լինում, երբ պարզում է, որ  հայ երիտասարդները ցույցի էին դուրս եկել` ընդվզելով ասպիրանտուրայից բանակ զորակոչելու նախագծի դեմ…

Մենք իրավունք չունենք այնպիսի հասարակություն ունենալ, ուր շաքարավազի գնի բարձրացումը առավել բուռն կարող է  արձագանքվել,, քան ազգային լինելության խնդիրները:

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`