- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է զբաղվել Ջավախքի հարցով

Երեկ armarlur.com [1] էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել [2] այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սահակաշվիլու հետ զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է Վրաստանի նախագահին, որ իր երկիրն ամեն ինչ կանի, որպեսզի այլևս ոչ մի պետություն չճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Սակայն, Պետքարտուղարության տեղեկատվական աղբյուրներից ArmAr-ին   հայտնի  դարձավ, որ բացի Աբխազիայից և Հարավային Օսիայից, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հիմնահարցը: Ըստ մեր ունեցած տեղեկության, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ տարածաշրջանում օր օրի ավելանում են վրացական իշխանությունների ապօրինի գործողությունները, ինչի արդյունքում ավելորդ լարվածություն է ստեղծվում ամբողջ Հարավային Կովկասում:

ԱՄՆ Պետքարտուղարության մեր աղբյուրը նշել է նաև, որ Վրաստանի ղեկավարության գործելաոճը բավականին հոգնեցրել է ԱՄՆ ղեկավարությանը: «Վրաստանը հետխորհրդային տարածաշրջանի ամենակոնֆլիկտային երկիրն է: Այնպիսի իրավիճակ, ինչպիսին տիրում է Վրաստանում, գոյություն չունի նույնիսկ միջինասիական երկրներում: Եվ ԱՄՆ-ն, որպես ժողովրդավարության համաշխարհային շոգեքարշ, իր գործընկերների աչքում այլևս չի կարող ոչ մի կերպ արդարացնել Սահակաշվիլու վարչակազմի հետ համագործակցությունը: Այդ իսկ պատճառով Պետքարտուղարությունը որոշել է սառեցնել հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ որոշակի ճնշումներ գործադրել այդ երկրի վրա, որպեսզի խաղաղությունը տարածաշրջանում չսասանվի», – ասել է Պետքարտուղարության աշխատակիցը:

ArmAr.am