Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում նոր լարվածություններ են առաջանում

Հոկտեմբեր 15, 2009թ. 15:41

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքական զարգացումների գլխավոր շոգեքարշը: Չնայած այն հանգամանքին, որ հուլիսին Մոսկվա այցելած Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են վերաբեռնավորել հարաբերություններն երկու երկրների միջև, այնուամենայնիվ, այդ գործընթացն այդքան էլ հեշտ չի տրվում այդ երկրների առաջնորդներին: Ճիշտ է, կողմերին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Արևելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու ԱՄՆ-ի ցանկության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից դեռևս լուծում չեն ստացել:

Եվ դեռ ավելին, վերջին շրջանի քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հակասությունները գնալով խորանում են, քանի որ ընդհանուր բարյացակամ արտահայտությունների ֆոնին կողմերը փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը հակառակորդի նկատմամբ: Ասվածի վառ վկայությունն է, օրինակ, հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին միջպետական արձանագրությունների ստորագրության արարողությունը: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն ամբողջությամբ ռուսական նախաձեռնություն էր: Պաշտոնական Մոսկվան նախապատրաստվում էր այս օրվան դեռևս նախքան 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը և հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հիլարի Քլինթոնն արդեն հանդես էր գալիս իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «կնքահայր»: Իրականում պաշտոնական Վաշինգտոնն այնպես ձևափոխեց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Ռուսաստանի ծրագրերը, որ Կրեմլում արդեն որոշում  էր ընդունվել կասեցնել Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը: Սակայն, ինչպես տեսանք, այդ որոշումն այդպես էլ չիրականացվեց, ինչը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն այս հարցում Ռուսաստանից առաջ է անցել:

Հայ-թուրքական արձանագրությունները վերականգնեցին 2008 թվականի օգոստոսից հետո Հարավային Կովկասում ԱՄՆ-ի սասանված դիրքերը: Այժմ մեր տարածաշրջանում Սպիտակ տունն ունի նոր ծրագրեր, որոնց գլխավոր նպատակներից մեկը, իհարկե, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս քշելն է: Իսկ դա ինքնին ենթադրում է նոր հակամարտություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև` մեր տարածաշրջանում գերակա դիրք գրավելու համար:

Սակայն այսօր երկու կայսրությունների ուշադրության կենտրոնում դեռևս գտնվում են այլ հարցեր: Հոկտեմբերի 13-ին Մոսկվա է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես հայտնել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, Մոսկվայում Քլինթոնի բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն Իրանի միջուկային ծրագիրը, Ստրատեգիական հարձակողական սպառազինության նոր պայմանագրի խնդիրը, ինչպես նաև ռուս-ամերիկյան նախագահական հանձնախմբի աշխատանքներին վերաբերվող հարցեր:

Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել Ռուսաստանի արտգործնախարարի` մամուլին տրված մեկնաբանություններից, պաշտոնական Մոսկվան Քլինթոնի հետ քննարկելու է նաև ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգին (ՀՊՀ) վերաբերող խնդիրներ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները հրաժարվել են Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային կայաններ տեղադրելու գաղափարից: Մոսկվայում դեռևս չէին հասցրել ուրախանալ այդ կապակցությամբ, երբ ամերիկացիները հայտարարեցին, որ ՀՊՀ հին նախագիծը կփոխարինվին նոր` ավելի ճկուն և էժան նախագծով: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցն այդ կապակցությամբ հայտարարել է, որ նրանք ոչ թե հրաժարվում են Եվրոպայում ՀՊՀ-ից, այլ ավելի են ուժեղացնում այն: Լարվածությունն այս հարցի վերաբերյալ ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ անցած ուրբաթ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարեց, թե ՀՊՀ-ի նոր նախագիծը նախատեսում է Ռուսաստանի սահմանների մոտակայքում ամերիկյան հրթիռների և ռազմանավերի էլ ավելի մեծ քանակի տեղադրում: Նույն օրը Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստվում է բացատրություններ պահանջել Հիլարի Քլինթոնից, որպեսզի «ավելի լավ հասկանան նրա` հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի կոնֆիգուրացիան»:

Սակայն Քլինթոնի Մոսկվա կատարած այցի անմիջապես նախօրեին նույն Ալեքսանդր Վերշբոուն Defence news ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ Ուկրաինան հանդիսանում է այն երկրներից մեկը, որտեղ ԱՄՆ-ը պատրաստվում է տեղադրել ՀՊՀ-ի կոմպոնենտներ: «Ուկրաինայի պաշտոնատար անձինք արդեն հետաքրքրություն են արտահայտել այդ հարցի կապակցությամբ», – ասել է Վերշբոուն: Եվ չնայած այն հանգամանքին, որ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Թերները հայտարարել է, որ լրագրողները կեղծել են իր վերադասի խոսքերը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի փոխնախարարի այդ հայտարարությունն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոր քննադատությանը: «Վերշբոուի խոսքերն էքստրավագանտ են և անսպասելի: Նրանից անընդհատ ավելի շատ հարցեր առաջացնող, քան պատասխաններ տվող հայտարարություններ են հնչում», – ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու մասին հայտարարել էր նաև Թուրքիայի ղեկավարությունը: Միջազգային վերլուծաբանների գնահատմամբ, ՆԱՏՕ-ի այդ երկրի նախաձեռնությունը կարող է դառնալ Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի ՀՊՀ-ի մի մասնիկը: Իսկ վերջերս խոսակցություններ էին տարածվել նաև այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հրթիռային կայաններ տեղադրել նաև Վրաստանում: Ճիշտ է, Մոսկվայում Հիլարի Քլինթոնը մերժեց այդ լուրերի ճշմարտացիությունը, սակայն դա դեռևս չի նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացմանը: Մի բան ակնհայտ է. Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջաններում, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Մոսկվային, որտեղ դեռևս չգիտեն, թե ինչպես դիմակայեն ամերիկացիների էքսպանսիոնիստական քաղաքականությանը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն