- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ամերիկացի 85 կոնգրեսականներ ԼՂ հարցով դիմել են Օբամայի վարչակազմին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

ԱՄՆ-ի Կոնգրեսի 85 անդամներ` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջլի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտիներում ագրեսիայի և բռնության տարածումը կանխող խաղաղասիրական միջոցառումների իրականացմանն աջակցելու կոչով։

Ինչպես նշում է asbarez.com-ը՝ ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին հղումով, նամակում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտիներում լարվածությունն ու բռնությունը կտրուկ աճել է, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանությունները հնչեցնում են քննադատական տեսակետներ:

«Սակայն այդ քննադատությունները տեղ չեն հասնում, և վարչակազմը հետագա ներգրավվածություն չի ցուցաբերում խնդրի լուծման համար։ Նման քաղաքականությունը պետք է փոխել: Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելամիտ քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար` հետագա բռնությունները կանխելու նպատակով: Նախևառաջ՝ բոլոր կողմերին կոչ է արվում հետ քաշել դիպուկահարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումն իրականացնողներին մշտապես պահել շփման գծում ու նրանց զինել այնպիսի տեխնոլոգիական համակարգերով, որոնք ճշգրտորեն կարձանագրեն շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում»,-նշված է նամակում։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Պիեռ Անդրիոն /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկն ու նրանց ուղեկցող անձինք այցելել են տարածաշրջան, եղել Հայաստանում, հանդիպել ՀՀ Նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ այսօր նրանց ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։