Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ալիևի հարցազրույցը «Եվրոնյուզին». «ԼՂ հակամարտությունը սառեցված չէ».

Հունիս 23, 2011թ. 22:06

0Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որտեղ անդրադառնալով ԼՂ հարցին` մասնավորապես նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անմիջական մասնակցությունը կողմերին համաձայնության գալու հնարավորություն է տալիս:

«Մեր կարծիքով` հայկական կողմը կառուցողական կգործի, իսկ մենք այնչափ քաղաքական կամք կունենանք, որ կարևոր քայլ կատարենք դեպի առաջ, և այդ դեպքում հակամարտությունն արագ կկարգավորվի»,-ասել է Ալիևը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը հիմնվում է միջնորդների կողմից երկու կողմերին առաջարկած հիմնարար սկզբունքների վրա, որոնք համընկնում են միջազգային ճանաչում ունեցող սկզբունքների հետ. դրանք են` երկրի տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը, այս սկզբունքները վիճարկելի չեն և այնքան կարևոր են, որ պետք է ընդգրկված լինեն խաղաղության համաձայնագրի մեջ:

Հարցին, թե Ադրբեջանը ի ՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:

Երբ լրագրողը նկատել է, որ Հայաստանը միայն որոշակի պայմանների դեպքում կարող է համաձայնվել իր զորքերի դուրսբերմանը, ինչպես օրինակ ինքնորոշումը կամ այդ տարածաշրջանի լայն ինքնավարությունն է, Ադրբեջանի նախագահը պարզաբանել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը լիովին հստակ է. «Ես անձամբ բազմիցս հրապարակայնորեն հայտնել եմ, որ մենք պատրաստ ենք ԼՂ-ի բնակչությանը և նրանց, ով կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, երաշխավորել աշխարհում հնարավոր ամենալայն ինքնավարությունը»:

Հայաստանի ներկայիս իշխանությունների` ԼՂ հիմնահարցի նկատմամբ քաղաքական մոտեցման վերաբերյալ տպավորության մասին հարցադրմանը, թե արդյո՞ք հայկական կողմի մոտեցումն ավելի դրական է, քան նախկինում, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Մինչև վերջերս Հայաստանում գերակայում էր այն կարծիքը, որ իրենք պահպանելու են ստատուս քվոն այնքան, որքան հնարավոր է, և դա նրանց հաջողվում էր: Սակայն վերջին ամիսներին դեպքերի զարգացումը ցույց է տվել, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ միջնորդները և միջնորդ երկրների ղեկավարները հանդես են եկել այն պարզ հայտարարությամբ, որ ստատուս քվոն անընդունելի է: Աշխարհում հստակ հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Բնավ: Իսկ հրադադարը շատ փխրուն է. հրադադարի մշտական խախտումները մեծ անհանգստություն են առաջացնում թե′ Ադրբեջանի, թե′ Հայաստանի և թե′ միջազգային հանրության մոտ»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն