Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքները կհամարվեն ոչ օրինական, քանի դեռ չկա իրազեկում

Հուլիս 7, 2015թ. 12:45
Արփինե Հովհաննիսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

Երեկ ոստիկանությունը ցուցարարներին ժամանակ տվեց ինքնուրույն բացել Բաղրամյան պողոտան, ու չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները շարունակում էին նստացույցը փողոցում: Խոստացված ժամանակը լրանալուն պես ոստիկանական ուժերը իրենք սկսեցին ազատել փողոցը. ցուցարարներից մի քանիսի գրկած, ոմանց` ոտքերից, թևերից բռնած բերման ենթարկեցին, մյուսներին էլ շղթա կազմած հեռաացրին դեպի մայթ: Կատարվածից հետո ցուցարարները պնդում են, որ իրենց հանդեպ բռնություն է կիրառվել, ինչին Վալերի Օսիպյանը հակադարձում է` ձեզ զգուշացվել էր, չգնացիք` ստիպված էինք հեռացնել, ակամա քաշքշոց եղավ, բայց դա ուժի կիրառում չէ: Ձեր գնահատականը:

– Նախ ես պետք է ասեմ, որ իմ կարծիքը հիմնված է եմ հայտնում լրատվամիջոցներում տեղադրված այն տեսանյութերի վրա, որոնք հնարավորություն եմ ունեցել դիտելու: Իսկ այդ տեսանյութերում ես չեմ նկատել, որ ոստիկանության կողմից հատուկ միջոցներով բռնություն կիրառվի ցուցարաների նկատմամբ: Պետք է նկատի ունենալ, որ փաստորեն, ցուցարարները դիմադրություն են ցուցաբերել ոստիկանության օրինական պահանջին: Տվյալ պարագայում իրավապահ մարմինները փորձել են այդ դիմադրությունը հնարավոր իրավաչափ եղանակով կոտրել ու իրագործել հայտարարված օրինական պահանջը: Այդ պահին էլ որոշակի քաշքշոց է տեղի ունեցել:
Բայց կատարվածի մասին ամբողջական պատկեր ունենալու համար կարևոր է լսել, թե ի?նչ են ասում նաև ցուցարարները, քանի որ նրանցից ոմանք պնդում են, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել: Այսինքն, միայն երկու կողմերին լսելուց հետո հնարավոր է դատողություններ անել թե’ ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության մասին, թե’ ցուցարարների քայլերի օրինական կամ անօրինական լինելու մասին:

-Նույն ընթացքում Ոստիկանությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղադրել էր տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ցուցարարներն ինչպե՞ս են իրենց պահել ոստիկանական մեքենաների մեջ: Փաստորեն, ոստիկանությունն էլ է <զինվել>` սեփական փաստերը ներկայացնելու:

– Սա նշանակում է, որ Բաղրամյան փողոցում տեղի ունեցածը ամբողջական ու լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, որպեսզի հստակ գնահատական տրվի իրավաչափության ու համաչափության խնդրին:
Պարզապես նշեմ, եթե հասարակական կարգի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ են լինում, ոստիկանությունն ամեն դեպքում իրավունք ունի պահանջել ցրել հավաքը` դրա համար տրամադրելով ողջամիտ ժամկետներ: Եթե այդ ողջամիտ ժամկետում հավաքը չի ցրվում, ապա ոստիկանությունն ունի իրավունք սեփական ուժերով այն ցրելու:

Ոստիկանությունը ցուցարարներին հավաստիացրեց, որ իր քայլը ոչ թե ուղղված է հավաքի շարունակման դեմ, այլ Բաղրամյան պողոտայում խաթարված երթևեկությունը վերականգնելուն: Եվ ցուցարարներին ուղղորդեց դեպի Ազատության հրապարակ: Ի՞նչ քայլեր այժմ պետք է անեն բողոքի մասնակիցները, որպեսզի իրենց գործողությունները հետայսու չհամարվեն օրենքից դուրս:

-Ձեր հարցին ես կպատասխանեմ հղում անելով <Հավաքների ազատության մասին Հայաստանի Հանրապետության> օրենքին: Օրենքը հավաքների կազմակերպման հետ կապված մի քանի մեխանիզմներ է նախատեսում: Առաջինն ու հիմնականը այն է, որ տևական ժամանակահատվածում որևէ վայրում հանրային հավաք իրականացնելու համար պահանջվում է , որ լիրազոր մարմինը ի գիտություն ընդունի համապատասխան իրազեկումը: Այսինքն, հավաքի կազմակերպիչները պաշտոնապես պետք է դիմեն լիազոր մարմինի` Երևանի քաղաքապետարանի իրազեկելու հավաքի կազմակերպման մտադրության մասին: Ու միայն այն պահին, երբ քաղաքապետարանի կողմից իրենց իրազեկումը ի գիտություն կընդունվի, ցուցարաները կգտնվեն օրինական դաշտում: Մնացած բոլոր դեպքերում, բոլոր հավաքները ոչ օրինական են: Եթե երթ պետք է իրակայնացվի, ապա նաև երթի մասին պետք է տեղեկացվի:
<Հավաքների ազատության մասին> օրենքը ևս երկու մեխանիզմ էլ է նախատեսում. առաջինը, վերաբերում է մինչև հարյուր մասնակից ունեցող հավաքներին, երկրորդը` շտապ և ինքնաբուխ հավաքներին:

-Այս հավաքը ի՞նչ բնույթ է կրում. ցուցարարները պնդում են, որ դա ինքնաբուխ և խաղաղ, հետևաբար, իրազեկումը պարտադիր չէ:

-Իրականում կարծում եմ, որ մենք գործ ունենք տևական ժամանակահատվածում իրականացվող հավաքների հետ, քանզի ուսումնասիրելով օրենքով նախատեսված ինքնաբուխ և շտապ հավաքի հասկացությունը , ակներև է դառնում, որ այդ հասկացության ներքո այս հավաքները չեն տեղավորվում: Ուստի կարծում եմ, որ պետք է լինի սահմանված կարգով իրազեկում , որից հետո միայն հավաքը կդառնա օրինական:

-Այսինքն, Ազատության հրապարակում տեղի ունեցողը օրինական չի համարվի քանի դեռ իրազեկումը ի գիտություն ընդունված չէ:

-Իհարկե: Քանի որ չկա իրազեկում, հետևաբար, լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ի գիտություն չի ընդունել այդ իրազեկումը, օրենքի տեսանկյունից այս հավաքները կհամարվեն ոչ օրինական: Կարծում եմ, որ տվյալ պարագայում ոստիկանությունը ցուցարարներին պարզապես հնարավորություն տվեց քաղաքի բանուկ հատվածն ազատելուց հետո տեղափոխվել նման միջոցառումների անցկացման համար ընդունված մեկ այլ վայր` <Ազատության> հրապարակ: Բայց այստեղ գտնվելու համար ևս քաղաքացիները պետք է հետևեն օրենքի տառին, իսկ օրենքը պահանջում է իրազեկում:

Թերևս ոստիկանությունը ողջամտություն կդրսևորի, ժամանակ կտրվի քաղաքացիներին, մինչև իրազեկման ի գիտություն ընդունելը, անցկացնել խաղաղ ցույցեր:

-Այո, և ես չեմ կարծում, որ ոստիկանությունը կտրուկ գործողությունների կգնա: Հակառակը, ցուցարարներին ողջամիտ ժամկետներ կտարմադրվի թղթաբանություն իրականացնելու և քաղաքապետարան դիմելու համար: Նաև չեմ կարծում, որ ցուցարարները, կազմակերպիչներն այս ընթացքում կգնան հակաօրինական կտրուկ քայլերի: Համոզված եմ, որ այս ամբողջ ընթացքը կբերվի օրենքի դաշտ:
Նաև ուզում եմ հավելել հետևյալը. անկախ նրանից, թե այս կամ այն հավաքը ինչ բնույթ ունի, հավաքի կազմակերպչի կամ կազմակերպիչների վրա դրված են որոշակի պարտականություններ, ինչը նրանք պարտավոր են կատարել:

-Իսկ եթե քաղաքացիական հավաքը չունի կազմակերպիչ, չկա քաղաքական ուժ, չկան լիդերներ, երբ ցույցի ամեն մի մասնակից իրեն կազմակերպիչ է համարում, այս դեպքում, ըստ օրենքի ո՞վ է համարվում պատասխանատու անձը կամ անձիք:

– Քաղաքական տեսանկյունից, գոնե դասական առումով, քաղաքական կուսակցությունների կողմից որպես այդպիսին հավաքի կազմակերպիչ, իրոք, չի նշմարվում: Տվյալ դեպքում կազմակերպիչներ են համարվում այն մարդիկ, ովքեր ամբիոնից կոչեր են հնչեցնում կամ քաղաքացիների տարբեր գործողությունների, երթի կազմակերպման հետ կապված հարցեր են լուծում, այսինքն որոշակիորեն ուղորդում են ցուցարարներին: Այդ անձինք արդեն իսկ պատասխանատում են հավաքի ընթացքի, ցուցարարների գործողությունների համար: Իսկ մենք գիտենք, որ քաղաքացիական համարվող <Ոչ թալանին> շարժումը, ունի կազմակերպիչներ, տեսնում էինք, որ Բաղրամյան փողոցում կային կոնկրետ անձինք, որոնք և’ կոչեր, և’ պահանջներ էին հնչեցնում: Նրանք այս հավաքների փաստացի կազմակերպիչներն են ու օրենքում հե’նց այդ տերմինն էլ օգտագործվում է` <փաստացի կազմակերպիչ>:
Հետևաբար, ասել, թե այս քաղաքացիական հավաքները չունեն կազմակերպիչներ` ճիշտ չէ: Եվ հենց նրանք, ովքեր այս ընթացքում ուղորդել են քաղաքացիներին, կոչեր հնչեցրել, նրանք էլ կհամարվեն փաստացի կազմակերպիչներ` ստանձնելով օրենքով սահմանված պարտականությունները:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն