- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:

1.  ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴ դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին:

2.  Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ:

3.  Հավաստի աղբյուրների համաձայն, Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողները բարձրանում են տների տանիքները: Հենց այն տների, որոնց բակերում «երեխաներ են խաղում»:

4.  Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և բակերը, որտեղ «երեխաներ են խաղում», չգիտես ինչու առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված:

5.  Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:

6.  Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ:

7.  Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար:

Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում և ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը և այլն: