Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի վերջին սադրանքը

Սեպտեմբեր 28, 2015թ. 13:08

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի շրջանակներում Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած համառ ջանքերը, բախվելով Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած աննախադեպ սադրանքին, վերջին օրերին հակամարտ կողմերին կրկին մղել են «ելման դիրքեր»։
Երեկ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հանդես եկել տարեց կանանց սպանությանը հանգեցրած ադրբեջանական ռմբակոծություններին համարժեք պատասխան տալու իրավաչափությունը հիմնավորող կոշտ հայտարարությամբ։
Իրականում բանակցային գործընթացի վերսկսման նախօրեին Տավուշի մարզի սահմանագծին սկիզբ առած ռազմական նոր էսկալացիան հենց այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը։ Ուստի միանգամայն բնական է, որ այս անգամ միջազգային հանրությունը նման քայլին հասցեական գնահատական տալուց խուսափելու տարբերակ չունի։ Սեփական ջանքերը «ջուրը լցնող» սադրիչի ձեռքը չբռնելու պարագայում ռազմական նոր էսկալացիան կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։
Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաեւ խնդրի բանակցային կարգավորման շուրջ հարցերի վերաբերյալ», բայց միաժամանակ ընդգծվում է. «Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները»։
Ադրբեջանի ցինիկ սադրանքը հանգեցրել է նրան, որ Նյու Յորքում համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առանցքային հարց է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման հիմնախնդիրը։
Արտաքուստ սա արդեն բավական ծեծված հարց է, քանի որ Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է անգամ իր առաջնային գիծ դուրս գալու ԵԱՀԿ դիտորդների փորձերին։ Սակայն նոր իրավիճակում, երբ ամերիկյան կողմը պնդում է նման խնդրի լուծման անհրաժեշտությունը, վրա միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման հարցը դառնում է յուրահատուկ փորձաքար ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, ե՛ւ ադրբեջանական կողմի համար։
Ադրբեջանի սադրանքների հետեւանքով իրավիճակը շփման գծում այնքան է սրվել, որ ներկա պայմաններում նման մեխանիզմի ձեւավորումը լայնածավալ ռազմական գործողությունների բորբոքումը կանխելու միակ գործնական աշխատակարգն է։
Եթե համանախագահները Նյու Յորքում միասնական լինեն այս հարցում, ապա Ադրբեջանը կհայտնվի ծանրագույն վիճակում, որովհետեւ նման մեխանիզմների ձեւավորումը նշանակում է ստատուս քվոյի փոփոխության ռազմական տարբերակի բացառում, իսկ ահա քաղաքական տարբերակը, ինչպես գիտենք, բացառում է Ադրբեջանն՝ ինքը։
Եթե համանախագահները միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման խնդիրը ձեւակերպեն որպես Մինսկի խմբի միջնորդական եռյակի միասնական պահանջ, ապա Ադրբեջանն ինքը կարող է հայտնվել իր վերջին սադրանքով Հայաստանի համար փորված փոսի մեջ։ Մերժելու պարագայում նա ինքնաբերաբար իր վրա կվերցնի պատասխանատվությունը, ընդունելու դեպքում՝ կդառնա ստատուս քվոյի ամրագրման մասնակիցը։
Հարց է առաջանում. իսկ որքանո՞վ է իրական նման մեխանիզմի ձեւավորման հեռանկարը։ Կարծում ենք, որ դա միանգամայն իրական կարող է դառնալ ռուս-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ուրվագծվող որոշակի առաջընթացի համատեքստում։ ԱՄՆ նախագահն ընդունել է Նյու Յորքում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու առաջարկը՝ օրակարգ մտցնելով Ուկրաինայում հրադադարի ամրապնդման հարցը, իսկ վերջինս իր հերթին պնդել է Սիրիայի հարցի քննարկումը։
Այս ամենի հետեւանքով Ղարաբաղը կրկին հայտնվել է համաշխարհային դիվանագիտության «պահուստային ֆոնդում»։ Նման պայմաններում Ղարաբաղի հարցում առանցքային դերակատարություն ունեցող տերությունների հարաբերությունների որոշակի, թեկուզ ոչ մեծ բարելավման պարագայում Հայաստան-Ադրբեջան սահմանագծին եւ ԼՂՀ-Ադրբեջան ռազմական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման խնդրի լուծումը կարող է միանգամայն իրական դառնալ։
Զարգացումների նման հեռանկարը կարող է բացել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի բացառման ուղին եւ «կանաչ լույս» վառել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման խնդրի լուծման համար։ Այնպես որ ալիեւյան վերջին սադրանքի «բումերանգի էֆեկտին» սպասելու համար շատ քիչ ժամանակ է մնում։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն