- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանը և’ թմրանյութի տարանցիկ երկիր է, և’ ահաբեկիչներին զենք մատակարարող

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:

Շարունակելով միտքը Կադիրովն ասել է, որ այժմ Չեչնիա են գործուղվում օտարերկրացիների խմբեր. «Նրանք ազատության համար պայքարողներ չեն, նրանք լավ վարժեցված ահաբեկիչներ են: Մենք լեռներում կռվում ենք ամերիկյան և անգլիական հատուկ ծառայությունների դեմ: Նրանք չեն պայքարում Կադիրովի, ավանդական իսլամի դեմ, նրանք պայքարում են Ռուսաստանի ինքնիշխան պետության դեմ»,– կարծիք է հայտնել Կադիրովը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ի հայտ է գալիս Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու փաստեր: ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա հաշվետվությունների մեջ Ադրբեջանն անընդհատ ընդգրկվում է որպես Հարավային Կովկասում թմրանյութի տարանցիկ ճանապարհ հանդիսացող գլխավոր երկիր: Միջազգային ահաբեկչությանն ու թմրաբիզնեսին ադրբեջանական կողմի աջակցությունն այնքան ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն նույնիսկ չի էլ փորձում մերժել այդ տեղեկատվությունը: Ադրբեջանում պարզապես որոշել են «արդարանալու» նոր ձև գտնել` մեղքերը բարդելով Ադրբեջանի հարավում բնակվող դաղստանյան ժողովուրդների ներկայացուցիչների վրա: Այդ ճանապարհով ադրբեջանցիները միանգամից լուծում են երկու կարևորագույն խնդիր: Նախ` խուսափում են ահաբեկիչներին օժանդակողի «տիտղոսից» և ապա հիմք են նախապատրաստում ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդների` ավարների, լեզգինների և թալիշների նկատմամբ նոր ճնշումներ գործադրելու համար:

ArmAr.am