- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանական լրատվամիջոցների հերթական կեղծիքը

Ադրբեջանական լրատվամիջոցները   հուլիի 26-ին հերթական ապատեղեկատվությունն են տարածել, ուր փորձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` ամիսներ առաջ Երեւանում ասված խոսքը խեղաթյուրել եւ ներկայացնել որպես այսօր արված հայտարարություն: Իբրև թե Ֆասյեն հայտարարություն է տարածել Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի որոշման եւ դրա քաղաքական հետեւանքների մասին:

«Եվրոպա-Ադրբեջան» ընկերակցությունը հանկարծ հիշել է Բեռնար Ֆասիեի մարտ ամսին Երեւանում արած հայտարարությունը եւ միտումնավոր  չնշելով ամսաթիվը այն ներկայացրել իբրև նոր հնչած խոսք: Եվ ահա, ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից  տպավորություն է ստեղծվում , թե  ֆրանսիացի համանախագահը այս պահին գտնվում է Երեւանում: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքի, Ֆասիեյին վերագրվող այդ  մտացածին հայտարարության մեջ վերջինս իբրև թե ասել է.«Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ զուգահեռներ չկան: ԼՂ-ն եւ նրան հարակից 7 շրջանները օկուպացվել են Հայաստանի կողմից եւ այդ հողերը դեռեւս գտնվում են օկուպացիայի ներքո: Այդ փաստը ձգձգում է բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձն իրենց տներ: Ի տարբերություն Կոսովոյի, ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը: Ուստի Կոսովոյի հարցը չի կարող նախադեպ լինել: Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Երեւանում անցկացված Rose Rote սեմինարում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն»:

Բայց, նախ հիշեցնենք, որ Բեռնար Ֆասիեն Երեւանում եղել է մարտի 11-13-ին: Եվ ամենակարևորը` այցելության ընթացքում նա ոչ մի խոսք չի ասել «օկուպացված տարածքների» մասին, թեեւ նշել է, որ «այն ինչ հնարավոր էր Կոսովոյում, չի կարելի կիրառել Ղարաբաղում»: