Գլխավոր » Infowar, TOP, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանաթուրքական քարոզչությունն ընդդեմ հայկական երկու պետությունների

Հուլիս 2, 2010թ. 10:33

Qaroz Գաղտնիք չէ, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվեց բարոյահոգեբանական հարթություն: Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան լծվեց լայնածավալ տեղեկատվական պատերազմի` ընդդեմ հայկական երկու պետությունների: Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը ստացավ համակարգված բնույթ` իրականացվելով պետական մակարդակով:

Ադրբեջանում ձեւավորված տեղեկատվական պետական քաղաքականությունն իր առջեւ մի քանի խնդիր դրեց. նախ հարկ էր լծվել «ադրբեջանցի ազգ» հորինելու բարդ ու դժվարին գործին: Իսկ դրա համար անհրաժեշտ էր թոթափել քոչվորի անպատվաբեր անցյալն ու այդ դատարկությունը լցնել մոգոնվող պատմություններով, մշակույթով, գրականությամբ:

Հարազատ մնալով իրենց հոգեկերտվածքին` ադրբեջանցիները սկսեցին յուրացնել հարեւան ժողովուրդների, մասնավորապես հայերի, հոգեւոր, պատմական, մշակութային արժեքները: Հարեւանի հաշվին «վսեմաշուք անցյալ» ստեղծելու մոլուցքը սրանց մոտ այսօր հասել է մոլագարության աստիճանի:
Վերջերս Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին եւս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես: Լույս տեսավ «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով գիրքը, որն այլ բան չէ, քան Հայաստանն ու Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում վարկաբեկելու հերթական քայլ: Գրքում խոսվում է հայերի` իբրեւ թե թուրքերի նկատմամբ իրականացրած «ցեղասպանության», «հայկական ահաբեկչության» դաժան հետեւանքների եւ համաշխարհային հանրության վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին: Հայոց պատմությանն իրազեկ անձանց կողմից, իհարկե, այն կդիտվի մոլագար մտքի զառանցանք, մինչդեռ անտեղյակ անձանց շրջանում այն կարող է նույնիսկ գիտական ճշմարտության տեղ անցնել: Մանավանդ որ հայ պատմաբաններից եւ ոչ մեկը իրեն նեղություն չտվեց ճշմարտության դիրքերից հակահարված տալ հերթական «գիտական կեղծիքին»: Մինչդեռ ադրբեջանական կողմն արդեն հասցրել է մի քանի լեզուներով թարգմանել ու տարածել այդ ցնդաբանությունը:

Ցավալի է, որ ադրբեջանցիների «գիտական» կեղծարարությունները մինչ օրս չեն արժանանում մեր գիտական հանրության անհրաժեշտ ուշադրությանը: Հայ պատմաբանները շարունակում են ադրբեջանա-թուրքական հերյուրանքներին վերաբերվել մի տեսակ «մեծահոգի» անտարբերությամբ: Թերեւս, մտածելով, թե, միեւնույն է, ճշմարտությունը հայերիս կողմն է, ու ադրբեջանցիներին չի հաջողվի խեղաթյուրել փաստերը:

Մինչդեռ, ինչպես հայտնի առածն է ասում, հաճախ ասվող սուտը մի օր էլ սկսում է ճշմարտության տեղ ընդունվել:
Տեղեկատվական քարոզչության մյուս ճակատը, որի ուղղությամբ արդեն մեկ տասնամյակից ավելի է` ակտիվորեն գործում է Ադրբեջանը, արցախյան հիմնախնդիրն է: Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ մարտադաշտում հայերից կրած պարտությունը պետք է ինչ-որ կերպ «փոխհատուցվի» տեղեկատվական քարոզչությամբ, եւ անցան գրոհի:

Հաշվարկը հստակ է. եթե իրենց հաջողվի ադրբեջանամետ դիրքորոշումներով ներազդել միջազգային ու հայ հանրության մտածողության վրա, ապա մոտ ապագայում արցախյան հարցում հաջողության հասնելը ավելի դյուրին կդառնա:
Ծախսելով ահռելի ֆինանսական միջոցներ` ադրբեջանական քարոզչամեքենան բազմապատկեց իր ջանքերը արցախյան հակամարտությունը միջազգային հանրությանը գլխիվայր, իսկ Հայաստանը` որպես ագրեսոր երկիր ներկայացնելու գործում:

Իշխանության գալով` Ալիեւ կրտսերը կարեւոր քայլ համարեց սեփական հասարակությանը պատերազմում պարտություն կրածի հոգեբանական բարդույթից ձերբազատելը: Իլհամն իր սուրբ պարտքը համարեց բոլոր ամբիոններից առիթով ու անառիթ հանդես գալ ռազմատենչ հռետորաբանությամբ: Միաժամանակ ադրբեջանցի հասարակության մեջ սկսեց արմատավորվել հայի` իբրեւ թիվ մեկ թշնամու կերպարը: Նման քարոզչությունը ինքնանպատակ չէ` հոգեբանները Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը համարում են ռազմական գործողություններ վերսկսելու նախապատրաստական փուլ:

Այսօր Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունն այնպիսի ծավալների է հասել, որ զարմացնում ու զայրացնում է անգամ օտարին. զայրույթ` ադրբեջանական քարոզչամեքենայի ստի ու կեղծիքի չափաբաժնից, զարմանք` հայկական կողմի պասսիվությունից: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովն անկարող եղավ չարտահայտել իր անհանգստությունը, որ ադրբեջանցիները անասելի չափերով խեղաթյուրում են պատմական, իրավական, քաղաքական իրողությունները, եւ Հայաստանը շարունակաբար պարտություն է կրում տեղեկատվական պատերազմում:

Նա դիմեց Հայաստանի իշխանություններին, հայ գործարարներին. «Ինչո՞ւ դուք համարժեք քայլեր չեք ձեռնարկում: Չէ՞ որ ոչ միայն միջազգային հանրությանն է խեղաթյուրված հասնում իրականությունը, այլեւ խեղաթյուրված իրականությամբ ու կեղծիքով այսօր դաստիարակվում է Ադրբեջանի նոր սերունդը, որի համար ձեւավորում են ոխերիմ թշնամու կերպար` ի դեմս հայի: «Հայկական ֆաշիզմ» արտահայտությունը Ադրբեջանում ամենատարածվածներից է»,- ասել էր ռուս քաղաքագետը:

Իսկ տարեսկզբին Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո բարոնուհի Քերոլայն Քոքսը հնչեցրեց իր հարցադրումը. «Ինչո՞ւ Հայաստանը համարժեք պատասխաններ չի տալիս Բաքվի քարոզչական մեքենայի կողմից աշխարհով մեկ սփռվող կեղծարարություններին»:

Հաճախ ենք ինքներս մեզ հանգստացնում, թե հայկական կողմի ձեռքում է խնդրի կարգավորման իրավական եւ քաղաքական անթերի փաթեթը: Հետո՞ ինչ, երբ ձեռքիդ հզոր զենք ունես, բայց ունակ չես այն օգտագործել: Հակառակ դեպքում հեռու չէ այն օրը, երբ աշխարհը ողողած ադրբեջանական կեղծիքը կարող է տոնել իր լիակատար հաղթանակը` վերջնականապես լռեցնելով ճշմարտության ձայնը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, TOP, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն