Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան. «Ցեղասպանությունից հետո թուրքական քաղաքականությունն էական փոփոխություն չի կրել»

Հոկտեմբեր 13, 2009թ. 13:00

Shavarsh QocharyanՑյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր  խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին կողմերին ։  Հայկական կողմի տեքստը ժամանակին պատրաստ էր, թուրքական կողմը հավաստիացնում էր, որ իր տեքստը ևս պատրաստ է և այն հայերին կտրամադրվի, երբ նրանք փոխանցեն իրենցը։ Այս իրավիճակը ձգձգվել է մինչև արարողակարգի սկիզբը։ «Սա մեր մեջ լուրջ կասկածներ առաջացրեց, և մենք չներկայացանք ստորագրման վայր` պահանջելով նախ ներկայացնել տեքստը»,-ասում է պարոն Քոչարյանը։

Դրանից հետո արդեն հայկական կողմը բանավոր կերպով ծանոթացել է տեքստին, որից և պարզվել  է, որ նրանում շատ անընդունելի կետեր կան։  Շ. Քոչարյանի փոխանցմամբ, այդ տեքստում տեղ էր գտել այն ամենը, ինչ երկարատև բանակցությունների արդյունքում Թուրքիային չէր հաջողվել ներառել արձանագրությունների մեջ,  իսկ դրանք այն դրույթներն էին, որոնք ինչ որ կերպ կարող էին կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը, նաև այն ակնարկները, որոնք ուղղակիորեն կապված էին ղարաբաղյան խնդրի հետ։ «Բնականաբար, հայկական կողմը նման քայլի չէր կարող գնա և երկարատև բանակցությունների արդյունքում տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ. թուրքական կողմը չկարողացավ արարողակարգի ժամանակ հնչեցնել իր նախապատրաստած ելույթը։ Փաստորեն, Թուրքիան փորձում էր Հայաստանի համար անընդունելի քայլ կատարել, որը կանխվեց ժամանակին։ Կանխվեց նաև միջնորդների ջանքերի շնորհիվ։ Այն, ինչ կատարվեց թուրքերի կողմից, իհարկե, անընդունելի էր ։ Նրանք փորձեցին դուրս գալ խաղի կանոններից։  Այս ամենը, բնականաբար, պետք է լուրջ դժգոհություն առաջացներ  միջազգային դիվանագետների ու միջնորդների մոտ, որովհետև կողմերը պետք է գործեն արձանագրությունների տառին ու ոգուն համահունչ։  Սա ցույց է տալիս, որ այս գործընթացը շատ փշոտ ճանապարհ է անցնելու… հիմա էլ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ և, իհարկե, միջնորդներն էլ գիտակցում են, որ սա այնքան էլ հարթ ճանապարհ չէ»,- ասում է Շավարշ Քոչարյանը։

ՀՀ արտգործնախարարի տեղակալն ընդգծում է, որ պետք չէ ուշադրություն սևեռել այն բանի վրա, թե ինչ է ասում Թուրքիան, կարևորն այն է, թե ինչ են նրանք անում։ Այսպես. «Եթե այս գործընթացը չտապալվի, իսկ մենք այս ուղղությամբ դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, եթե Թուրքիան վավերացնի փաստաթուղթը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ և բացի սահմանը, ավելին` կատարի այս արձանագրություններից բխող բոլոր պարտավորությունները, դա կլինի արդեն կոնկրետ քայլ։

Մենք Թուրքիային տալու ոչինչ չունենք»:

Շ. Քոչարյանը համոզված է, որ  Թուրքիան հարաբերությունների կարգավորմանը գնում է մի շարք հանգամանքներով պարտադրված։ «Նախ, մեր տարածաշրջանում այսօր տեղի են ունենում ուժերի վերադասավորումներ, յուրաքանչյուրը փորձում է այս տարածաշրջանի վերմակն իր վրա քաշել։ Այդ գործընթացից դուրս մնալը նշանակում է, որ ինչ-որ մեկը քո հաշվին հարցեր է լուծելու։ Ուստի պետք է նոր մտածելակերպ դրսևորել ու ներգրավվել այդ հարաբերությունների մեջ, ավելի պրագմատիկ լինել, ազատվել կարծրատիպերից։ Մյուսն այն է, որ թուրքը չի փոխվել, թուրքական քաղաքականությունը Ցեղասպանությունից հետո էական որևէ փոփոխություն չի կրել, նրան այս գործընթացը պետք է, որպեսզի կարողանա ազդել Ղարաբաղի հարցի վրա և  հարցականի տակ դնել Ցեղասպանությունը։

Սրանցից որևէ մեկն ընդունելը կլինի կործանարար։ Այն ճանապարհը, որ մենք ընտրել ենք, այս երկու հանգամանքներն էլ հաշվի է առնում։ Այսօր աշխարհը տեսավ, որ գործ ունի ոչ թե 3միլիոնանոց Հայաստանի, այլ 10 միլիոնանոց հայության հետ »,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը։

Armar.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն