Գլխավոր » TOP, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

«Տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի զենքը ապատեղակատվության տարածումն է»

Մարտ 29, 2010թ. 16:00

819_s

«Այսօր ժուռնալիստիկայում կարևորագույն հարց է արագությունը. որքան արագ, այնքան լավ: Սակայն չենք նայում իրերի խորքը, չենք վերլուծում: Այդ արագության հետևից ընկած` շատ հաճախ հայ լրագրողներն առանց գիտակցելու հապշտապ արտատպում են Բաքվի տարածած տեղեկատվությունը, ինչն, իհարկե, մեր շահերից չի բխում: Իսկ հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից տարածում են այդ նույն տեղեկատվությունը, այս անգամ արդեն հղում կատարելով հայկական լրատվամիջոցներին: Սա տեղեկատվական պատերազմի շատ տարածված մեթոդ է, որը, սակայն, մեր լրագրողները հաճախ չեն գիտակցում»,-ԵՊՀ-ի ժուռալիստիակայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը:

Տեղեկատվական պատերազմներն առկա են անկախ մեր կամքից, և մեր հակառակորդ պետությունը գիտակցում է դա` վարելով ուղղորդված տեղեկատվական պատերազմ մեր դեմ:

«Ռուսական թերթերից մեկը ամեն շաբաթ մի ամբողջ սյունակ է նվիրվում ադրբեջանական նորություններին. սա շատ լավ գովազդ է: Իսկ այդ  թերթը բավականին մեծ լսարան ունի»:

Տեղեկատվական պատերազմներում,սակայն, Ադրբեջանի գլխավոր զենքը ապատեղակատվությունն է. ապատեղեկատվություն հայերի մասին, ադրբեջանական բանակի թվերի ու հնարավորությունների մասին, ինչը, բնականաբար, ազդում է հայ մարդու հոգեբանության և միջազգային հանրության կարծիքի ձևավորման վրա:

Ըստ Արսեն Մելիք-Շահնազարովի, սա լուրջ բիզնես է. այստեղ մեծ գումարներ են ներդրվում: «Հայ գործարարները հասկանում են, որ շատ լավ է, օրինակ, մանկապարտեզ բացելը, կամ որևէ դպրոցի համակարգիչներ նվիրելը, սակայն շատ դժվար է նրանց համոզել ֆինանսավորել թերթ, ինտերնետային կայքէջ կամ գիրք հրատարակել»:

Եվ այն փաստը, որ մենք տեղեկատվական պատերազմում մինչև օրս հաջողությունների չենք հասնում, հենց դրա կարևորության մասին գիտակցության պակասից էր: Մեր պետությունը և լրատվամիջոցները չեն վարում ուղղորդված տեղեկատվական քաղաքականություն:

Բայց սրանով հանդերձ պրն. Մելիք-Շահնազարովը նկատում է, որ  հատկապես վերջին կես տարվա ընթացքում բավականին բան է փոխվել.«Իրականացվում է հայկական քարոզչություն` տարբեր միջոցներով. սկսել են նկարահանվել ֆիլմեր, բացվել կայքէջեր, ակտիվանում են դեսպանատները: Ոչ մի դեպքում չի կարելի անպատասխան թողնել մեր հասցեին հնչած վիրավորանքները, կամ չպարզաբանված թողնել հակահայկական քարոզչությունը, ակնհայտ սուտը»,-նշեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրը:

Ուսանողների այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն լրագրողները` տեղեկատվական պատերազմներում չպարտվելու համար, Մելիք-Շահնազարովը նախ և առաջ կարևորեց լրագրողի լավ տեղեկացված լինելը. «Լրագրողը պետք է լավ իմանա այն թեման, որի մասին գրում է, պետք է իմանա, թե որտեղ է խաբում հակառակորդը, որպեսզի այդտեղ բռնի նրան: Լրագրողը պետք է իր հասարակությանը խորությամբ ներկայացնի հարցի էությունը: Այսօր հայ երիտասարդները հաճախ ղարաբաղյան հակամարտության մասին իմանում է Թոմաս Դը Վաալի գրքից, ոչ թե հայկական աղբյուրներից»:

Արսեն Մելիք-Շահնազարովը կարևորեց նաև ծրագրավորողների դերը տեղեկատվական պատերազմներում.պետք է կայքը գրագետ պատրաստել, որպեսզի տարածաշրջանի մասին տեղեկատվություն փնտրելիս երևան հայկական աղբյուրները:

Թամարա Գրիգորյան

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն