Գլխավոր » Քաղաքականություն

«Չպետք է հավատալ Թուրքիայի` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տանգոյին»

Օգոստոս 19, 2009թ. 18:25

kiro2Ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

– Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը օրերս կարծիք էր հայտնել, իբր թե ԱՄՆ-ում հայկական լոբբին աշխատում է ոչ այնքան Հայաստանի օգտին, որքան Վաշինգթոնի դիրքորոշումը տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ: Ճշմարտություն կա՞ քաղաքագետի հայտարարության մեջ:

– Ամերիկայում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները մեկ հովանոցի տակ ներառելը սխալ է: Մեկնաբանեմ, թե ինչու. կա կազմակերպություն, որն իր գործունեությամբ հաճախ է տպավորություն ստեղծում, թե ինքը շարժվում է գործող ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը համահունչ: Բայց անգամ այդ դեպքում` միշտ չէ, որ տվյալ կազմակերպությունը նման քաղաքականություն է վարում:
Ինչ վերաբերում է Հայ Դատի հանձնախմբին, հստակ կարելի է ասել,որ այդպես չէ: Պետք է հաշվի առնել, որ ամերիկայում գործող հայկական կազմակերպությունները մեկ այլ երկրի շահերը չեն հետապնդում: Հատկապես, ամերիկահայ այդ կազմակերպությունների հաջողության գրավականը պայմանավորված է նրանով, որ վերջիններս ամերիկահայ հասարակության քաղաքական կամքի արտահայտիչն են:
Ռուսաստանից եկեղ այդ հայտարություններն անհիմն են:

– Մեկ հարց էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստից: Չեք կարծում, որ Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի վերատեղադրումն ու Անիի Մայր տաճարի վերակառուցման մասին Թուրքիայի հայտնած մտադրությունն ընդամենը, Հայաստանին սիրաշահելու տարբերակ է և ՀՀ նախագահին` Թուրքիա մեկնելու հորդոր:

– Թուրքիայի որոշ քայլերը կարող են օտարներին մոլորեցնել, բայց մեզ` հայերիս, բացառվում է: Հայաստանի ապաշրջափակում` չի նշանակում Ախթամարի վրա խաչ տեղադրել կամ Անիում եկեղեցի նորոգել: Ապաշրջափակում նշանակում է` վերացնել Հայասատանի շրջափակումը,և վերջ: Իսկ մնացած ժեստերը Թուրքիան անում է Հայաստանին և հայությանը սիրաշահելու համար, ինչպես, օրինակ, հայերեն լեզվով ռադիոհաղորդումներ հեռարձակելը, որոնք, տրամաբանորեն, պետք է ուղղված լինեին Թուրքիայի հայությանը և հնչեին արևմտահայերենով: Բայց պարզվում է, որ Թուրքիայի իշխանություններն այդ հաղորդումներն ուզում են թողարկել արևելահայերենով: Այդ քայլը մի կողմից ներկայացվում է որպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության դրսևորում կամ ազգային ինքնության պահպանման հնարավորության ընձեռում, բայց իրականում այն օգտագործելու է Հայաստանի ուղղությամբ` որպես հակաքարոզչություն իրականացնելու հզոր զենք: Դրա համար էլ մենք Թուրքիայի` «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» տանգոյին չպետք է հավատանք ու խաբվենք:
Այնպես որ, Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եկեղեցին նախ` թանգարան, ապա կրկին եկեղեցի դարձնելու թուրքական քայլերը` մոլորեցնելու փորձեր են: Սուրբ Խաչը հայերիս համար եկեղեցի և ոչ թե թանգարան: Ինչ վերաբերում է Թուրքիայի մտադրությանը, դա իր պարտավորությունն է, և ոչ` բարեսրտությունը:
– Թուրքական իշխանությունների` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հայտարարությունները, փաստորեն, խոսքից այն կողմ չեն անցնում: Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուն օրերս հերթական անգամ խոսել էր Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու և բարելավելու` թուրքական կողմի պատրաստակամության մասին: Սա է՞լ է միջազգային հանրության աչքին թոզ փչելու հերթական ժեստ:
– Իհարկե: Թուրքիայի համար կարևորն այն է, որ Արևմուտքին ցույց տալ, որ Հայաստանի հետ բանակցություններ են վարվում, ու դրանով իսկ աշխարհին հորդորի` չխոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքին: Իսկ հետևանքն, այլևս, կարևոր չէ իր համար: Այդ հարթության մեջ պետք է դիտարկել ամերիկացի 80-ից ավելի կոնգեսականների նամակն ուղղված ԱՄՆ-ի նախագահին, ուր ասվում է` քանի որ Թուրքիան ինքն է խոչընդոտում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացին, դո’ւք պետք է երկու խնդիրները` Ցեղասպանության ճանաչումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տարանջատեք իրարից: Որովհետև Թուրքիան օգտագործում է մեկը` մյուսի առաջն առնելու համար և ոչ մի առաջընթաց չկա:
Կարծում եմ, որ Արևմտյան շրջանակներում կընկալվի այս մտայնությունը:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`