Գլխավոր » Վրաստան

«Ժողովրդավարության կղզին»` բաց ծովում

Օգոստոս 8, 2009թ. 19:38

Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո այդ երկիրը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Համաշխարհային  լրատվամիջոցները հեղեղվեցին Վրաստանի քաղաքական անցուդարձը լուսաբանող նյութերով: Կարծես մեր տարածաշրջանի փոքրիկ տերությունը վերածվել էր համաշխարհային քաղաքականության շարժիչ ուժի: Եվ ամենևին զարմանալի չէ, որ դա իր ազդեցությունն է ունեցել նաև Վրաստանի իշխող վարչակազմի հոգեբանության վրա: Հեղափոխության շնորհիվ նախագահ դարձած Միխայիլ Սահակաշվիլին լավագույնս օգտվեց իրավիճակից` իր երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական կարիքներն ու պահանջները բարդելով Արևմուտքի ուսերին, և Վրաստանը ֆինանսական ու քաղաքական բավականին լուրջ  աջակցություն ստացավ Արևմուտքից: Դա Սահակաշվիլուն  հնարավորություն տվեց կարծել, թե Սև ծովի ավազանում և Մերձավոր Արևելքում Արևմուտքի քաղաքականությունն առանց Վրաստանի գործոնի դատապարտված է անհաջողության: Պաշտոնական Թբիլիսին ցանկացավ խաղարկել նաև այդ «խաղաքարտը»` փորձելով ռազմական ճանապարհով վերագրավել Հարավային Օսիան և Աբխազիան: Սակայն ճակատագրական պահին Վրաստանը ռուսաստանյան հզոր ռազմական մեքենայի դեմ մնաց մենմենակ:
    Երբ փոքր պետությունները կամ ժողովուրդները հայտնվում են քաղաքական մեծ գործընթացների հորձանուտում` նրանց սպառնում է աղետալի ճակատագիր: Վրաստանի նոր ղեկավարությունը ժամանակին չըմբռնեց Արևմուտքի այն մտադրությունները, որոնց հետևանքով երկիրը վերածվեց տարածաշրջանային քաղաքականության գործոնի: Ավելին` Թբիլիսիում նույնիսկ չփորձեցին համեմատականներ անցկացնել մեկ այլ հետխորհրդային պետությունում` Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների հետ` հասկանալու համար, թե ինչու են նրանք այդքան հետաքրքրում ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչներին: Փոխարենը վրացիները հավատալով Արևմուտքի համար իրենց «չափազանց մեծ նշանակությանը»` քայլեր ձեռնարկեցին արևմտյան քաղաքական և ռազմական կազմակերպություններին անդամագրվելու համար: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ եվրոպական երկրների առաջնորդներն սկսեցին բացեիբաց պնդել, որ Վրաստանը պատրաստ չէ ինտեգրվելու արևմտյան համակարգերին, Միխայիլ Սահակաշվիլին միևնույն է` իր ժողովրդին համոզում էր, որ շատ շուտով Վրաստանը կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Հավանաբար Սահակաշվիլին որոշ ակնկալիքներ ուներ ՆԱՏՕ-ի բուխարեստյան վեհաժողովից, սակայն հենց Բուխարեստում ի չիք դարձան նրա վերջին հույսերը:
    Այսօր Վրաստանը` Հյուսիսային Կովկասի  «ժողովրդավարության կղզյակը», իրեն լքված է զգում: Այլևս ակնհայտ է, որ Արևմուտքը Վրաստանի տարածքում հետամտելու է միայն սեփական շահերը և այդ երկրի պատճառով այսուհետ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի սրի: Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Վրաստանին զենք մատակարարելու մտադրությունից և ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ պատկերացնում է միայն կադրերի պատրաստման և խորհրդատվության ոլորտում: Բացի այդ` ԱՄՆ-ի գործող նախագահ Բարակ Օբաման արդեն իսկ վերանայել է իր երկրի արտաքին քաղաքանությունը և սեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորման» կոճակը: Եվ դա այն պարագայում, երբ Վրաստանը շարունակում է Ռուսաստանի հետ մնալ  պատերազմական վիճակում: Բնական է, որ այս հանգամանքը մտահոգում է պաշտոնական Թբիլիսիին, որն արտաքին մարտահրավերներից բացի լուրջ խնդիրներ ունի նաև երկրի ներսում: Ընդ որում խոսքը վերաբերում է ինչպես Վրաստանի ներքաղաքական դրությանը, այնպես էլ ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Սահակաշվիլու անհեռատես քաղաքականությունը Վրաստանը կանգնեցրել է լուրջ ճգնաժամի առջև, որից դուրս գալու համար գերմարդկային ջանքեր են հարկավոր:
    Սակայն որքան էլ զավեշտալի է` այս  պարագայում ևս Վրաստանի հույսերը կապված են միայն Արևմուտքի հետ: Վերջերս Թբիլիսի էր այցելել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այն ընդունելությունը, որին արժանացել է ամերիկացի դիվանագետը`վերոնշյալ մտքի լավագույն ապացույցն է: Օդանավակայանից մինչև Սահակաշվիլու նստավայր  ձգվող ճանապարհին Բայդենը հանդիպել է օգնություն խնդրող պաստառներով հազարավոր մարդկանց: Սակայն դատելով նրա վրաստանյան ելույթներից` վրացիների աղերսանքներն այդքան էլ չեն ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Դա նշանակում է, որ այսուհետ Վրաստանը արտաքին մարտահրավերների հանդեպ ավելի անպաշտպան է լինելու:
    Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`