Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Զրո խնդիր» հայեցակարգի ֆիասկոն

Հոկտեմբեր 3, 2011թ. 17:20

TurkԹուրքիայի ներկա դերի, տարածաշրջանում նրա ազդեցության մեծացման ու ծավալման հետագա հնարավորությունների հարցերում փորձագիտական շրջանակների գնահատականները վերջին շրջանում խիստ տարբեր են: Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս հատկապես այն հանգամանքը, որ մի կողմից` Թուրքիան Մերձավոր Արեւելքի ցանկացած անկյունում փորձում է արմատավորել իր հետաքրքրությունների ու շահերի գոյության եւ դրանք հետեւողականորեն պաշտպանելու գաղափարը, իսկ մյուս կողմից` սեփական տարածքում յուրաքանչյուր շաբաթ քրդական զինված պայքարի եւ խոշոր ահաբեկչական գործողությունների պատճառով բախվում է նույնատիպ շահերի պաշտպանության խնդրին: Միաժամանակ տարակուսանք է առաջացնում Թուրքիայի հռչակած արտաքին քաղաքական դոկտրինի անհամապատասխանությունն առկա իրողություններին:

Թուրքիայի իշխող քաղաքական վերնախավի կողմից գործարկված «զրո խնդիր հարեւանների հետ» ռազմավարական ծրագիրն այժմ գտնվում է հանգուցային մի փուլում, որի անունն է վախճան: Իրար հետեւից ավելանում է Թուրքիայի գործողություններից դժգոհ հարեւանների քանակը, որի հետ միասին այդ երկրի սահմանների երկայնքով ի հայտ են գալիս կամ կրկին գլուխ են բարձրացնում անկայունության օջախները: Այսպես` նախորդ տարիներին հայ-թուրքական հաշտեցման գործընթացին ղարաբաղյան խնդիրը կցորդելու պատճառով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հետընթացին որպես շարունակություն` Թուրքիան այս տարի հասցրեց իր հարաբերությունները փչացնել նաեւ Սիրիայի, Իսրայելի ու Կիպրոսի հետ: Ընդ որում` բոլոր նշված դեպքերում ի հայտ եկան «թուրքական» շահառությամբ նոր թեժ կետեր:

Ռազմաբեմի վերածված Սիրիայից Էրդողանի կառավարությունը վերջին ամիսներին ստացավ ոչ միայն բազմահազար փախստականների ճամբարներ: Սիրիայի ընդդիմադիր զանգվածներին ուղղակի աջակցություն ցուցաբերելու պատճառով ի հայտ եկավ թուրք-սիրիական ռազմական հակամարտության սպառնալիք երկուստեք սահմանի ողջ երկայնքով: Իսրայելի հետ հարաբերությունների ճգնաժամի խորապատկերին մեկ այլ թեժ կետի վերածվեց Արեւելյան միջերկրածովյան շրջանը, որտեղ Թուրքիան ռազմական ներկայություն ապահովելու հայտ ներկայացրեց` հայտարարելով, որ Գազա ուղեւորվող քաղաքացիական նավերին կուղեկցի եւ կպաշտպանի թուրքական ռազմուժը: Իսկ սեպտեմբեր ամսին նավթագազային հանքավայրերի շուրջ ծագած վեճի պատճառով Թուրքիայի` Կիպրոսի դեմ սանձազերծած ճնշումներն առավել եւս խոստանում են կղզու շուրջը կենտրոնացնել թուրքական, հունական, կիպրական եւ իսրայելական ռազմածովային ուժերը:

Բացի նշված երկրներից, անհանգիստ է նաեւ թուրքական սահմանի մյուս հատվածներում: Թուրքական ռազմուժի կենտրոնացման մեկ այլ օջախի է վերածվել թուրք-իրաքյան սահմանը: Թիրախը Իրաքի հյուսիսն է, որտեղ սկսած օգոստոսի 17-ից թուրքական օդուժը պարբերաբար ռազմական հարվածներ է հասցնում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների ռազմահենակետերին: Իսկ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե ծրագրվում է քրդական զինված կազմավորումների դեմ առաջիկայում Իրանի հետ ռազմական մեծ գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում, արդեն այսօր առաջ է բերում Իրաքի քաղաքական շրջանակների զգուշավորությունն ու Թուրքիայից մեծ հեռավորություն պահպանելու ցանկությունը: Նման հեռանկարն առավել եւս նպաստում է Ինքնավար Քրդստանի բնակչության շրջանում հակաթուրքական արմատական տրամադրությունների մեծացմանը:

Չնայած Իրանի հետ պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների գոյությանը, վերջին տարիներին ծավալված տնտեսական գործընկերային հարաբերություններին ու անգամ համատեղ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությանը, այդ երկրի հետ Թուրքիայի հարաբերությունները նույնպես շատ խախուտ հիմքերի վրա են: Դեռեւս թարմ են Սիրիայի ներքին գործերին միջամտելու դեպքում Թուրքիային ռազմական հարված հասցնելու` Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Իսկ սեպտեմբերի 14-ին Անկարայում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման մասին հուշագրի ստորագրումն ավելի խորացրեց իրանական կողմի անվստահությունն ընդդեմ Իրանի չգործելու` թուրքական երաշխիքների հանդեպ։ Վերջինս մեկ անգամ եւս վկայում է Մերձավոր Արեւելքում ծավալվելու եւ Իրանի հետ «զրո խնդիր» ունենալու` թուրքական ցանկության սնանկության մասին:

Բացի նշված երկրներից, Հունաստանի  հետ Թուրքիայի հարաբերություններն այժմ նույնպես գտնվում են անկման փուլում: Դա պայմանավորված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ծավալմանը հակազդելու` Հունաստանի բնական մղումով: Հույն-թուրքական տասնամյակների հակամարտությունն էական պայման է Թուրքիայի տարածաշրջանային ծավալման դույզն-ինչ մտադրությունների ի հայտ գալու դեպքում Հունաստանի կողմից նման քաղաքականություն որդեգրելու համար: Վերջինիս արտահայտությունն էր հենց սեպտեմբերի 4-ին Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը, որը սվիններով ընդունվեց թուրքական քաղաքական շրջանակների կողմից: Իսկ սեպտեմբերի երկրորդ կեսին թուրք-կիպրական լրջագույն խնդիրների ծագման փաստով կարելի է արդեն խոսել Հունաստանի հետ Թուրքիայի ոչ միանշանակ հարաբերությունների հետագա սրման անխուսափելիության մասին:

Ներկայում միմյանց միջեւ թշնամանքով կամ հակադրությամբ առանձնացող նշված երկրներից զատ` հին խնդիրների վերհանման ու նորերի ծագման նշաններ են ի հայտ գալիս նաեւ Բուլղարիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում: Հուլիսի 10-11-ը Թուրքիայի նախագահ Գյուլի` Սոֆիա կատարած այցի ընթացքում չնայած փորձ արվեց առաջընթաց արձանագրել թուրք-բուլղարական հարաբերություններում, սակայն այստեղ խնդիրների ծավալն ու խորությունը եւ Բուլղարիայում թուրքական չափազանց խոշոր համայնքի առկայությունը (չնայած թուրքական այն հավաստիացումներին, թե այդ համայնքը «բարեկամության կամուրջ» է երկու երկրների միջեւ) կարեւոր արգելք են հարաբերությունների սերտացման ճանապարհին:

Թուրքիայի հանդեպ թերահավատությամբ Բուլղարիայից ետ չի մնում նաեւ Վրաստանը: Աջարիայի իր հավատակիցների ու հատկապես Աբխազիայի հետ մշակութային, առեւտրատնտեսական ու նաեւ քաղաքական կապերի ընդլայնումը վրացական քաղաքական վերնախավին արդեն այսօր համոզում է եղածը դիտարկել որպես թուրքական էքսպանսիայի նախնական փորձ: Չնայած Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առեւտրանավերը, սակայն տվյալ խնդիրն ապագայում կարող է դուրս գալ վրացական վերահսկողությունից (Թուրքիայի` իր տարածաշրջանային հավակնություններում նորանոր դիրքեր գրավելու դեպքում): Ներկայում Վրաստանի աննպաստ աշխարհաքաղաքական վիճակն ու կոմունիկացիոն երթուղիներից եկող տնտեսական շահն են այն երաշխիքները, որոնք ապահովում են երկու երկրների քաղաքական հարաբերությունների խարխուլ կայունությունը:

Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը եւս բավական աննպաստ արտաքին քաղաքական իրավիճակում է հայտնվել: Ռուսաստանը շրջանցող արեւմտյան էներգետիկ նախագծերը (որոնք Եվրոպա փոխադրելու համար պետք է նախ անցնեն Թուրքիայի տարածքով), տնտեսական, քաղաքական ու ռազմական ներուժի շարունակական մեծացումը եւ այլ հանգամանքներ նախորդ տարիներին Անկարային հնարավորություն էին ընձեռում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում երկխոսություն ծավալել արդեն իսկ բոլորովին անկաշկանդ մթնոլորտում:

Սակայն շատ քայլեր մատնում են, որ պաշտոնական Անկարան սեփական հնարավորությունների կշիռը որոշելու հարցում առավել մեծ ինքնագնահատականի է հանգել (անցյալ շաբաթ ռուսական գազի գնի իջեցման հարցում թուրքական պահանջների ի հայտ գալը նման ինքնագնահատականի կարեւոր ցուցիչներից մեկն է): Ու այդ տեսանկյունից եթե նախորդ տարիներին ռուսական քաղաքական մտքին միայն հիացմունք էր պատճառում Արեւմուտքից առավել ինքնուրույն թուրքական քաղաքականությունը, ապա այսօր հետզհետե մեծանում է վախն առ այն, որ թուրքական ծավալմանը դիմագրավելու գործում, եթե վերջինս հարավային ճակատում բախվի լուրջ հակազդեցության կամ պարտություն կրի, ապա Արեւմուտքի թեթեւ ձեռքով Ռուսաստանը Սեւ ծովից մինչեւ Կենտրոնական Ասիա ձգվող իր «տիրապետության» ողջ արեալում կարող է միայնակ մնալ: Թուրքիայի հնարավորությունները թերագնահատելու, իսկ սեփականը գերագնահատելու գիտակցումն, այսպիսով, խոստանում է նոր սրբագրումներ մտցնել ռուսական դիվանագիտությունում: Վերջինս էլ իր հերթին ենթադրում է, որ «զրո խնդիր» թուրքական հայեցակարգը Ռուսաստանի դեպքում եւս կարող է վերափոխվել առավել իրական թվային արտահայտության:

Եթե իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ, թիկունքին ունենալով Եվրամիության եւ Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների հեռանկարը, կարելի էր տրամաբանական համարել հարեւանների հետ օր օրի վատթարացող հարաբերությունների նկատմամբ մտահոգության նշաններ չցուցադրելու ու դրանց վտանգավորությունն անգամ արհամարհելու թուրքական մարտավարությունը, քանզի այն, ի վերջո, ծառայում էր մի մեծ նպատակի` դեպի հարավ թուրքական ծավալմանը, ապա բոլորովին այլ է վերջին շրջանում թիկունքի ամրության թուլացմանը նպաստող Թուրքիայի գործողությունների ի հայտ գալը: Ու այդ տեսանկյունից Ռուսաստանի դեմ պահանջներից զատ` հարցականներ է առաջացնում ԵՄ անդամակցության շուրջ եւ նրա հետ փոխհարաբերությունների հարցում Թուրքիայի իշխող վերնախավի նոր հռետորաբանությունը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նոր եվրոպական գիծն առաջին անգամ տեղ գտավ լրահոսում սեպտեմբերի 18-ին: «Եթե խաղաղության շուրջ բանակցությունները (Կիպրոսի հետ) արդյունք չտան, իսկ ԵՄ-ն կառույցի նախագահությունը Հարավային Կիպրոսին հանձնի, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ճգնաժամ կսկսվի, քանի որ մենք կսառեցնենք մեր հարաբերությունները: Մենք այդ մասին հայտարարում ենք, քանի որ կառավարությունը որոշում է ընդունել»,- հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը։ «Մենք համաձայն ենք չլինել Եվրամիության անդամ, եթե եվրոպական թեկուզեւ մեկ երկրի բնակիչները մեզ չեն ցանկանում եւ Թուրքիան բեռ են համարում»,- սա արդեն Թուրքիայի նախագահ Գյուլի հայտարարությունն էր, որը տեղ էր գտել միջազգային մամուլի սեպտեմբերի 21-ի լրահոսում:

Իսկ սեպտեմբերի 26-ին ամերիկյան «TIME» պարբերականի հետ հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը` պատասխանելով Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու վերաբերյալ լրագրողների հարցին, պատասխանել էր, որ Մերկելի ու Սարկոզիի պաշտոնավարելուց հետո էր, որ Թուրքիային սկսել էին չհրավիրել եվրոպական առաջնորդների խորհրդաժողովներին: «Մենք դեռեւս չենք հրաժարվում այդ որոշումից, քանի որ ԵՄ ոչ մի առաջնորդ հավերժ չի նստելու իր աթոռին»,- նկատել էր Էրդողանն ու հավելել, որ Թուրքիան ամրանում է, մինչդեռ եվրոպական շատ պետությունների այսօրվա վիճակը բոլորովին այլ բանի մասին է խոսում:

Կոշտ հռետորաբանության որդեգրումը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ հարաբերություններում ցույց է տալիս, որ ներկայում Թուրքիան յուրաքանչյուր դեպքում փորձում է հետ չնայել եւ ավելացնել սեփական ուժի կիրառության շառավիղը ոչ միայն ողջ Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ`Եվրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Նեոօսմանականություն» անունը ստացած նոր քաղաքական ուղեգծի (որի շատ տարրեր առայժմ անորոշ են մնում փորձագիտական շրջանակների ու միգուցե նաեւ հենց թուրքական վերնախավի համար) հիմնական հենքը, որը հնարավորություն է ընձեռում անընդհատ մեծացնել քաղաքական ծավալման տրամագիծը, Թուրքիայի տնտեսական ներուժն է ու հարմար պահի սեփական ուժի ցուցադրությունն ու կիրառումը (սա են վկայում նաեւ Թուրքիայի վարչապետի վերը նշված խոսքերը): Աշխարհում նոր դիրքեր սահմանելու թուրքական նման ագրեսիվ ծրագիրը` չնայած շատ մեծ ռիսկեր է պարունակում, այնուամենայնիվ, բխում է տերությունների հետ հարաբերությունների կառուցման «թուրքական» այն սկզբունքից, որ նոր սեփական դիրքերի հաստատման համար մրցակիցներդ նախ պետք է տեսնեն ատամներդ: Իրապես գայլային արքետիպային մի «ուղենիշ», որը Եվրամիության ու Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է հանգեցնել ոչ միայն նոր խնդիրների առաջացման, այլեւ Մերձավոր Արեւելքում թուրքական շատ խնդիրների լուծման:

Սարո Սարոյան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , ,

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն