Գլխավոր » Լրահոս

Ռուբեն Մելքոնյան.«Ամեն թուրքի հոգում թաքնված է շարքային խարդախը»

Հոկտեմբեր 13, 2009թ. 15:30

ԵՊՀ  արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն այսօր «Հայացք» ակումբում անդրադարձավ հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին և փորձեց կանխատեսել, թե  ինչ է լինելու ապագայում:

Արձանագրությունների ստորագրման օրը տեղի ունեցած ձգձգումները բանախոսը համարեց թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական դրսևորումներից մեկը, որը, սակայն, ձախողվեց: Նա նշեց, որ այս ձգձգումները Թուրքիայում առաջացրել էին որոշակի խուճապ, որ փոքր Հայաստանը, աշխարհի աչքի առաջ, Թուրքիային պարտադրում է որոշակի պայմաններ:

«Ցանկացած թուրքի  հոգու խորքում, անկախ իր զբաղեցրած դիրքից, լինի պաշտոնյա, թե  սովորական քաղաքացի, թաքնված է շարքային խարդախն ու խորամանկը,- նշեց նա,-թուրքական խորամանկության դրսևումների` ամենաանսպասելի պահին ու ժամանակին,  մենք դեռ շատ ենք ականատես լինելու, և այս առումով մենք պետք է մշակենք Թուրքիայի  հետ հարաբերվելու մեթոդներ»:

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջիփ Թայիփ Էրդողանի մասին` թուրքագետը նշեց, որ այս  հարցերում նա  հանդես է գալիս ամենակոշտ դիրքորոշումներով և բազմիցս հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման այս արձանագրությունները չեն ստորագրվի:  Սակայն  Ռուբեն Մելքոնյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ     Էրդողանի հայտարարությունները շատ հաճախ լինում են ոչ միանշանակ և մեկ օրվա ընթացքում հաճախ հակասում են մեկը մյուսին: «Երբեմն  նրա առավոտյան ասածը տրամաբանորեն չի համապատասխանում երեկոյան արած հայտարարությանը: Մի օր ասում է, թե Արձանագրությունների ստորագրումը  Ղարաբաղի հարցի հետ կապված չէ, մյուս օրը հակառակն է պնդում»:

Ռուբեն Մելքոնյանը  նշեց, որ Թուրքիայում տիրող ներքին իրավիճակը նույնպես բարվոք չէ, ինչին  մենք ուշադրություն չենք դարձնում: Նա ասաց, որ ինչպես Հայաստանում, Թուրքիայում էլ են քննադատության ենթարկվում արձանագրության նույն կետերը: Այնտեղ էլ Արձանագրություններին  դեմ են ընդիմադիր երկու ուժեր` Ազգայնական Շարժումն ու Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որոնք  հանդես են եկել հայտարարությամբ, ուր նշել են, որ դրանց ստորագրմամբ Թուրքիան հետքայլ է անում  թուրք-ադրբեջանական հարաբերություններում և տեղիք տալիս հայկական կողմի պահանջներին: Թուրքական ընդդիմությունը դեմ է նաև  պատմական հանձնաժողովի ստեղծմանը.  90 տարի շարունակ ժխտել են Ցեղասպանության փաստը, ուրեմն` ի՞նչ են քննարկելու, մի՞թե այն, ինչն արդեն  90 տարի շարունակ մերժել են:

Արձանագրությունների վավերացման ժամկետի առումով թուրքագետն ամենահավանական սցենարը համարեց այն, որ վավերացումը ձգձգվելու է, հատկապես մեջլիսում, և դրա համար բերվելու են տարբեր պատրվակներ, օրինակ, Մեջլիսի անկախ լինելու հանգամանքը,  որը ըստ նրա շատ թույլ է և ոչ համոզիչ:

«Սա ես կարծում եմ քաղաքական որոշման խնդիր է,- նշեց նա,-եթե Թուրքիայի կառավարությունը որոշի,  որ պետք է վավերացնել արձանագրությունները, ապա որևէ խնդիր չի լինելու, հակառակ դեպքում, մեջլիսը կդառնա նրանց քաղաքական զենքը` որպես պատրվակ»:

Ցեղասպանության ճանաչման գործընթացում պետք է հետևել  Հունաստանի օրինակին, կարծում է Մելքոնյանը: Այդ երկիրը Թուրքիայի հետ նույնպես ցեղասպանության խնդիր ունի, բայց, դրանով հանդերձ, հաստատել է  դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, և դրանք չեն խանգարում Հունաստանին` հետամուտ լինելու հունական ցեղասպանության գործընթացին և ամեն տարի տարբեր միջազգային ասպարեզներում բարձրաձայնելու այս փաստը:

Կարինե Պետրոսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն